55181 դիտում
14:27 17-11-2018
Արտակարգ դեպք Երևանում. Mercedes-ի վարորդը «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, կոտրել լիցքավորման սարքը. վիրավորներին օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 RA 956 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարի փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ 2 քաղաքացու, այնուհետև առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով բենզալցակայանի աշխատակիցն ու այնտեղ կայանված Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻն ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ թիվ 2 խմբի պետ Արտակ Լալայանի գլխավորությամբ։
Փրկարարներր հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և այս պահին էլ հսկողություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ծխախոտով չմոտենան վթարի վայր։
Վրաերթից հետո Mercedes-ն էլ խփել և կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու այն դարձել է ոչ պիտանի։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Էրեբունու բաժին։
Քաղաքացիները նշում էին, որ եթե առաջին շտապօգնությունը շուտ է եկել, ապա երկրորդ շտապօգության բժիշկների խումբը բավականին ուշ է ժամանել դեպքի վայր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+