1473 դիտում
14:18 19-11-2018
Դու այն ես, ինչ ուտում ես. պայքար՝ հակամանրէային միջոցների կայունության դեմ
2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին՝ նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա՝ կարևորելով նախ և առաջ հանրային առողջության պահպանումը, ինչը թիրախում ունենալով էլ 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը:
Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում:
Խնդրի կարևորությունը յուրաքանչյուրին և ամենուրեք հասցնելու ակնկալիքով էլ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 12-ից 16-ը հանրապետության ողջ տարածքում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, անցկացրել է սեմինարների ու հանդիպումների շարք անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ: Մինչ այդ՝ շաբաթը մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի համատեղ ասուլիսով:
Քարոզարշավի նպատակն էր բացատրել, որ ամենապարզ գործողությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքների՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով հակամանրէային միջոցներների օգտագործումը:
Վարակի հսկողությունը և կանխարգելումն արդյունավետ միջոցներ են հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարում, քանի որ նվազեցնում են վարակի տարածումը, կանխում միկրոօրգանիզմների փոխանցումը և կրճատում հակամանրէների նշանակման պահանջը՝ կանխելով հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության առաջացումը:
Իրավամբ է ասված՝ դու այն ես, ինչ ուտում ես: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժման, այլև կենդանու աճը խթանելու նպատակներով: Արդյունքում դեղակայուն մանրէները, սննդային շղթայի միջոցով, կարող են կենդանիներից անցնել մարդուն:
2018թ. հոկտեմբերին Եվրախորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն արգելում է կենդանիների աճը խթանելու համար հակամանրէների օգտագործումը: Ավելին, մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հակամանրէներ արգելվում է օգտագործել անասնաբուծությունում:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների, եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, բնականաբար, չի սահմանափակվի իրազեկման այս շաբաթով: Անասնաբուժների, ֆերմերների ու հակամանրէային միջոցներ վաճառողների գիտելիքները նախ կհստակեցվեն հարցաշարերի միջոցով, և ապա կկազմակերպվեն պարբերական հանդիպումներ, սեմինարներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև անհատական աշխատանք կտարվի, հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի միջոցների մասին հնարավոր ամենալայն տեղեկատվություն փոխանցելու համար:
Հիվանդությունների կանխարգելումն, ըստ էության, ավելի հեշտ է ու էժան, քան դրանց բուժումը: Այս մոտեցման վրա է կառուցված թե կենդանիների, թե մարդկանց առողջության պահպանման համակարգն ամբողջ աշխարհում:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
21:14 26-11-2022
Մեկնարկել է հակամանրէային կայունության դեմ պայքարին նվիրված երկօրյա գիտաժողովը
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»