211652_close_icon
views-count1853 դիտում article-date 10:31 25-11-2018

Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ: Սիրելի՛ hայրենակիցներ, Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք: Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլևս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։ Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները: Հավատարիմ եղե՛ք ձեր դավանած արժեքներին, միևնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ։ Գալիք ընտրություններում հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միավորներին: Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան: Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:

Նմանատիպ նյութեր