18927 դիտում
19:27 07-12-2018
Ավազակային հարձակում Արարատի մարզում. 2 հոգի դանակի սպառնալիքի տակ Մասիսի գերեզմանների մոտ հափշտակել են 59–ամյա վարորդի մոտ եղած 250 դոլարն ու 300 հազար դրամը
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Ազատ Թարվերդյանը ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել է, որ առավոտյան ժամը 12:40-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող տրոլեյբուսի պարկի մոտից իր Opel Vectra մակնիշի ավտոմեքենան են նստել 2 հոգի և խնդրել, որպեսզի իրենց տեղափոխի Մասիս:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքի և Ա. Թարվերդյանը ոստիկաններին հայտնել է, որ 13:00-ին հասնելով գերեզմանների մոտ, ուղևորներից մեկը հայտնել է որ ցանկանում է հոգալ բնական կարիքները, կանգնեցրել է մեքենան և իջել ավտոմեքենայից:
Դրանից հետո հետևի ուղևորը սուր կտրող- ծակող ինչ-որ առարկա դրել է իր պարանոցի աջ հատվածին և պահանջել իր մոտ եղած ողջ գումարը: Նա սպառնալիքի տակ ուղևորին է փոխանցել 250 ԱՄՆ դոլար և 300 հազար դրամ, ովքեր այնուհետև դիմել են փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հափշտակված գումարները հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: