211652_close_icon
views-count2152 դիտում article-date 20:09 07-12-2018

Երկրապահ կամավորականների միությունը և Հայաստանի գրողների միությունը համատեղ ցերեկույթ են կազմակերպել՝ նվիրված Արցախյան շարժման 30 ամյակին և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Երկրապահ կամավորականների միությունը և Հայաստանի գրողների միությունը դեկտեմբերի 7-ին համատեղ ցերեկույթ էին կազմակերպել՝ նվիրված Արցախյան շարժման 30 ամյակին և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: ԵԿՄ վարչության նախաձեռնած հանդիպամանը գրողները սիրով և պատրաստակամությամբ էին արձագանքել: Միջոցառումը մեկնարկեց ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին լռության րոպեով հարգանքի տուրք մատուցելով: ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը, ողջունելով վարչության դահլիճում հյուրընկալված գրողներին, պատանի և երիտասարդ երկրապահներին, հյուրերին, հիշեցրեց, որ ԵԿՄ հիմնադիրը՝ քաղաքական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանը, նաև հայտնի գրող- հրապարակախոս էր: -Չմոռանանք նաև, որ երկրապահներից շատերը մշակույթի մարդիկ են. անգամ խրամատներում՝ հրադադարների ընթացքում, ժամանակ են գտել ստեղծագործելու,- ասաց Ա. Կետիկյանը: Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանի խոսքով՝«մենք՝ գրողներս պետք է հավաք լինենք մշտապես. և՛ մեր ազգային ոգու, և՛ զենքի, և՛ գրչի, և՛ մշակույթի շնորհիվ մեր երկիրը պահենք աննվաճ և հզոր»: -Արցախյան պատերազմում մեր հաջողությանը նպաստեց նաև այն, որ մեր բոլոր կռված տղերքը կարդացել էին մեր դասականներին, որոնց ստեղծագործություններում արտահայտվել է մեր պատմությունն ու նվիրվածությունը հայրենիքին: Հենց այդ ստեղծագործությունների շնորհիվ էլ սերունդների մեջ հայրենասիրություն է սերմանվել,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը: Միջոցառումը վարում էին ԵԿՄ անդամ, դերասան, ազատամարտիկ Ամիրան Գալստյանը և ասմունքող Գայանե Սամվելյանը, ովքեր մեծ սիրով, զգացմունքայնությամբ ընթերցեցին ազատամարտիկ երկրապահների ստեղծագործությունները. բանակաշինության ակունքներում կանգնած երկրապահների շարքերում քիչ չեն նաև ստեղծագործողները: Ազատամարտիկ գրողներից ընթերցվեցին հատվածներ Վազգեն Սարգսյանի, Սամվել Շահմուրադյանի, Վրեժ Իսրայելյանի, Սամվել Բեգլարյանի, Լևոն Խեչոյանի, Հովիկ Վարդումյանի, Արա Նազարեթյանի, Ղուկաս Սիրունյանի, Աղվան Մինասյանի, Վահագն Մուղնեցյանի, Խաչիկ Մանուկյանի,Վարդան Ենոքյանի, Նոնա Պողոսյանի ստեղծագործություններից: Գյումրեցի ազատամարտիկ Գագիկ Սարոյանի «Գյումրվա բալլադ»-ն էլ օրվա խորհուրդն էր ամփոփում: «Ինձ համար հուզիչ էր և անչափ կարևոր հատկապես երեխաների՝ պատանի երկրապահների ներկայությունը: Վստահ եմ, որ եկող սերունդը անպայման արժանիորեն կփոխարինի մեր սերնդի ներկայացուցիչներին: Փառք ու պատիվ մեր բոլոր գրչակից զոհված ընկերներին», -ասաց գրող –ազատամարտիկ Վահագն Մուղնեցյանը, ով նաև բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է եղել տարիներ շարունակ: Գրողների միության անդամ Նոնա Պողոսյանը պատերազմի տարիներին նույնպես ծառայել է հայկական բանակում: Հեղինակն ինքն ընթերցեց ապրիլյան պատերազմին նվիրված իր հեղինակած պոեմից մի հատված: Միջոցառման ավարտին թե՛ ներկա գրողները, թե՛ երկրապահները հույս հայտնեցին, որ նման միջոցառումները կդառնան ավանդույթ և շարունակական կլինեն, նոր սերնդի համար էլ՝ հայրենասիրության բաց դաս. չէ՞ որ հայրենիքը պաշտպանում են ոչ միայն զենքով, այլև գրչով:

Նմանատիպ նյութեր