3003 դիտում
13:38 11-12-2018
Արմավիրում քաղաքացուն ցուցում են տվել կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել, և երբ նա դա չի քվեարկել, ազատվել է աշխատանքից. ՔԿ-ում քրգործ է հարուցվել
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ինչպես հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում և 24-ը՝ ԶՔԳՎ-ում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 71-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրակաշառքին, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում կրկնաքվեարկության փորձ կատարելու դեպքերով նախապատրաստվող թվով 5 նյութերից չորսով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Արմավիրի մարզային Քննչական վարչությունում ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում բացատրություն է տվել այն մասին, որ, աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին:
Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ազատել են աշխատանքից: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:
Ներկա պահին ընտրությունների օրվա ընթացքում ստացված հաղորդումներից 73-ի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել էր 6 հաղորդում, որոնցից մեկով նյութերն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մեկ այլ դեպքով հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են գնացել երիտասարդ աղջիկ ու տղա և իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հորդվածի 2-րդ մասով, և նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան