211652_close_icon
views-count4193 դիտում article-date 10:49 13-12-2018

Ինչու ՕԵԿ-ը չէր կարող մտնել ԱԺ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կա շատ պարզ թեստ իմանալու համար՝ արդյոք այս կամ այն կուսակցությունը մեկ անձի կողմից և նրա հավակնությունները բավարարելո՞ւ համար ստեղծված կառույց է, թե՞ ունի որոշակի գաղափարական հիմք: Բավական է դիտել կամ կարդալ այդ կուսակցության անդամների հարցազրույցները և հաշվել, թե քանի անգամ է արտասանվում դրա ղեկավարի անունը: Եթե կուսակցականը 20 րոպեի ընթացքում 4-5 անգամ ասում է՝ «կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ներկայացրած ծրագրերը», «մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բազմամյա գործունեությունը», ուրեմն իմացեք՝ կուսակցությունը գոյություն ունի այդ առաջնորդի ջանքերով (հաճախ նաև՝ փողերով) և առանց այդ անձնավորության իրենից ոչինչ չի ներկայացնում: Անշուշտ, «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես մի մարդու կուսակցություն է, և անցած ընտրություններում քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն էր տալիս Փաշինյանին, ոչ թե «Իմ քայլին», բայց դա այլ պատմություն է: Վերջին ընտրություններում, նախնական տվյալներով, «Օրինաց երկիրը» ստացել է 12389 ձայն, որը կազմում է ընտրողների 0,99 տոկոսը: 2017 թվականի ընտրություններում «Հայկական վերածնունդ» անվան տակ ՕԵԿ-ը հավաքել էր 58 265 ձայն (3,72 %) և դարձյալ չէր անցել խորհրդարան: Իհարկե, կարելի է ասել, որ 2017-ին ընտրությունների արդյունքները կեղծվել են, նկարվել են և այլն: Բայց եթե բոլորն ընդունում են, որ այս անգամ ամեն ինչ արդար էր, ապա ի՞նչն է պատճառը, որ ցուցանիշը նվազել է գրեթե հինգ անգամ: Պատճառները մի քանիսն են: Առաջինն արդեն նշեցի՝ գաղափարախոսություն չունեցող մեկ մարդու կուսակցությունների ժամանակն անցնում է, և դրա մասին պետք է հիշեն ոչ միայն ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն, այլև իշխող կուսակցությունը: Երկրորդ՝ ՕԵԿ-ն այս ընտրություններում կրկնում էր այն, ինչ ասում էր մեկուկես տարի առաջ՝ ավանդները մե՛նք ենք վերադարձրել, մանկապարտեզները Երևանում մե՛նք ենք անվճար դարձրել, պոլիկլինիկաների և դպրոցների սեփականաշնորհումը մե՛նք ենք կանխել: Եթե դա անգամ 100 տոկոսանոց ճշմարտություն լիներ, միևնույն է՝ նախկիններում կատարված աշխատանքներն այն «քաղցրեղենը» չեն, որով ամեն անգամ կարելի է գայթակղել ընտրողներին: Հիմնական պատճառը, իհարկե, 2008 թվականի իրադարձություններն են և այն, որ «մարտի 1-ի» սպանդից հետո Արթուր Բաղդասարյանը մտավ իշխանական կոալիցիա և դարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Խոսքն այն մասին չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում՝ դա, ինչպես հայտնի է, ոչ մեկին չի հետաքրքրում: Խոսքը հասարակական ընկալման մասին է՝ այն կարծրատիպերի և առասպելաբանության մասին, որոնք ձևավորվել են մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության ուղեղներում: Չգիտեմ՝ արդյոք ՕԵԿ-ին երբևէ կհաջողվի՞ կոտրել այդ կարծրատիպը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր