211652_close_icon
views-count3045 դիտում article-date 17:41 19-12-2018

2018 թվականն արդեն ավարտվում է՝ հետևում թողնելով ուշագրավ և կարևոր իրադարձություններ հայ ժողովրդի պատմության մեջ. Վազգեն Պետրոսյան

2018 թվականն արդեն ավարտվում է՝ հետևում թողնելով ուշագրավ և կարևոր իրադարձություններ հայ ժողովրդի պատմության մեջ: Այս տարվա ընթացքում հանրապետությունն ականատես եղավ խաղաղ հեղափոխության, որը Եվրասիական տարածաշրջանի համար եզակի էր։ Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ բարձրացվեց: Այստեղ կա մի ուշագրավ պահ, որը մենք՝ որպես նորանկախ պետություն, անտեսում ենք. դա կոռուպցիայի դեմ պայքարելու մասին մեր հայտարարությունների ազդեցություններն են մեր արտաքին հարաբերությունների վրա: Ներքին կյանքում շատ լավ է, որ մենք բացահայտում ենք և ի լուր աշխարհի ցույց ենք տալիս, թե, ա՜յ, տեսեք՝ ձերբակալեցինք այսինչ կամ այնինչ նախկին պաշտոնյային, որն այսքան կամ այնքան միլիոնների կամ միլիարդների վնաս է հասցրել հանրապետությանը: Բայց կա նաև արտաքին լսարանը։ Բոլոր խոշոր քաղաքական կենտրոններն ու մտածողներն այսօր արդեն միակարծիք են, որ 21-րդ դարը լինելու է Չինաստանի և Հնդկաստանի դարը: Մենք պետք է այսօրվանից ամեն ինչ անենք, որպեսզի դառնանք այս երկու երկրները դեպի Եվրոպա և Ռուսաստան կապող ուղիներից մեկը: Մենք ունենք խոշոր հարևան՝ Իրանը, որն այսօր խնդիրների մեջ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, բայց շատ չի անցնի, ու ականատես կլինենք այն հանգամանքին, որ այս երեք ուժերն իրար հետ վերջնական խաղաղության համաձայնության կգան։ Այդ խաղաղությանը հասնելու համար բոլոր նախադրյալներն առկա են։ ԱՄՆ-ի ներկա քաղաքական ղեկավարությունը դա լավ է հասկանում, վկա բոլոր տնտեսական ցուցանիշները: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել աշխարհի թափառող փողերը, որոնք ներդրման համար ապահով վայր են փնտրում: Մեր հարևանները՝ Վրաստանը՝ Ռուսաստանի հետ խրթին հարաբերություններով, Ադրբեջանը՝ տարածաշրջանի ամենակոռումպացված երկրի համբավով, միջէթնիկական և Հայաստանի հետ տարածքային խնդիրներով, Թուրքիան՝ իր քրդական հարցով, հարևանների հետ ոչ բարեկամական կապերով ու իր ծայրահեղական-իսլամիստ ղեկավարով, Իրանն իր միջազգային բարդ հարաբերություններով, ներդրման համար ավելի բարենպաստ պետություններ են համարվում, քան խաղաղ Հայաստանը։ Սա, իհարկե, աբսուրդ է, բայց ցավալի փաստ: Այստեղ ակնհայտ երևում է տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական ղեկավարության անգործությունը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների սխալ կառուցվածքը… Այժմ, երբ մենք մեր խաղաղ հեղափոխությամբ կարողացել ենք բավականին բարձր դրական համբավ ձեռք բերել, չի կարելի այս կարևորագույն հաջողությունը տապալել՝ ասելով, թե Հայաստանը թաղված է կոռուպցիայի մեջ, այստեղ վտանգավոր է, և վախեցեք այստեղ ներդրումներ կատարել։ Մենք պետք է փոխենք թիրախները, շեշտադրումները, մեր քարոզչության ուղղությունը։ Եթե ցանկանում ենք ցույց տալ, որ նախորդ իշխանությունները վատն էին ու կոռումպացված, սակայն առկա է իրավիճակը Հայաստանում փոխելու վճռականություն, դա ի լուր աշխարհի ապացուցելու մեկ լավ ձև կա՝ տնտեսական աճի ու տնտեսական ազատության ցուցանիշներով: Իսկ այդ ցուցանիշներին հասնելու համար հարկավոր է մի կողմ դնել պոպուլիզմն ու գնալ առաջ՝ նոր կառավարության կազմում ներգրավելով հանրապետության լավագույն ուժերին։ Հակառակ դեպքում միայն տեղում դոփելու ենք, և ՀՀԿ-ի ու մեզ վատը կամեցող պետությունների երազանքը կիրականանա։ [b]Վազգեն Պետրոսյան[/b]

Նմանատիպ նյութեր