211652_close_icon
views-count4236 դիտում article-date 09:51 21-12-2018

Կենացները քաղցրանում են․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները տոնում են իրենց հաղթանակը՝ մարզպետներից մինչև կառավարության ներկայացուցիչներ: Նախորդ իշխանությունների ռեստորանային քեֆ-ուրախությունները, գիշերային ժամերի հրավառությունն ու ճոխ կնունքների մասին ամենատարբեր առիթներով բարձրաձայնող նորեկները, փաստորեն, արագորեն համակերպվել են իշխանության անուղղակի մաս կազմող կերուխումի ու «աշխարհը ոտի տակ խալի լինելու» իրողության հետ: Վերջիններիս թվում է, թե իրենց հաղթանակը տոնելու կամ, ինչպես իրենք են ասում, կատարած աշխատանքի համար թիմին շնորհակալություն հայտնելու համար կազմակերպված խնջույքն ընդամենը ծանրագույն աշխատանքից լիցքաթափվելու տարբերակ է: Բայց հաղթանակի համար շնորհակալություն հայտնել պետք է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, որի անձի կարևորությանը հավատալով` հասարակությունն ընտրել է «Իմ քայլն» ու նրա թեկնածուներին: Նույն այդ մարդիկ մեկ տարի առաջ նախկին իշխանավորների կազմակերպած խնջույքներին էին ուրախանում, կենացներ ասում, դիֆիրամբներ ձոնում վերադասին, երգում ու ասմունքում էին՝ ցանկալի պաշտոնին հասնելու համար: Ու եթե նոր կառավարիչներին թվում է, թե այդ մարդիկ իրենց երդվյալ համախոհներն են, ապա շտապեմ հիասթափեցնել․ Հայաստանում ժողովրդի զանգվածային տարհանում չի եղել, հասարակության ներկայացուցիչները նույն մարդիկ են՝ նույն տրամաբանությամբ և առաջ գնալու ուրույն տեսլականով: Նոր Հայաստանի քաղաքակիրթ արժեքներ կրողը լինելու մասին հայտարարող ուժն այդ մարդկանց մոտ, առաջին հերթին, նոր մշակույթ պետք է ձևավորի, անի ամեն բան «հին ու բարի ավանդույթներ» փոխելու համար, թե չէ ժամանակի հետ բարքերը ոչ էլ փոխվում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր