211652_close_icon
views-count1266 դիտում article-date 14:35 21-12-2018

Որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերություն է սահմանվել 18 տարին

«Ընտանեկան օրենսգրքի» վերջին փոփոխություններով երեխա որդեգրելու համար սահմանվել են տարիքային որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերությունը պետք է լինի 18 տարի, իսկ առավելագույնը՝ 50: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Որդեգրման համար շատ կարևոր դրույթներ են ամրագրվել։ Ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանվել է որդեգրման տարիքային սահմանափակում: Սահմանվել է, որ որդեգրողի և երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավել: Շատ կարևոր դրույթ է դա, որ որդեգրող ծնողը կարողանա երեխայի շահերից ելնելով կազմակերպել նրա դաստիարակությունը»,-ասաց Քրմոյանն ու հավելեց, որ սահմանվել է համապատասխան միջազգայնորեն ընդունված չափանիշ: Նախկինում նման տարիքային սահմանափակում չի եղել: Քրմոյանի խոսքով՝ հիմք են ընդունվել պարզապես երեխայի շահերը: Օրենսգրքով սահմանվել է նաև, որ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրում կարող է կատարվել միայն, երբ ծնողներն ի վիճակի են իրականացնել այդ երեխայի խնամքը: Ընկեցիկ երեխայի անմիջական որդեգրման ինստիտուտը վերացվել է, և ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի եռամսյա ժամկետում գտնելու այդ ընտանիքի երեխային և փորձի վերականգնել ընտանիքը: Քրմոյանի խոսքով՝ ամրագրված նոր մեկ այլ դրույթ բացառում է այս ոլորտում չարաշահումները: «Ծնողների համաձայնությամբ որդեգրումը թույլատրվում է միայն, եթե որդեգրողը խորթ հայրը կամ մայրն է կամ մերձավոր ազգականը: Չի թույլատրվում, որ անձը համաձայնություն տա ազգական չհանդիսացող այլ անձի կողմից երեխայի որդեգրման համար»,-նշեց նա։ Փոխնախարարը շեշտեց նաև, որդեգրված երեխաների նկատմամբ ներկայում վերահսկողություն է սահմանվում: Նախկինում այս հարցում խնդիրներ ունեին: Հիմա համապատասխան սոցիալական մարմինները պետք է պարտադիր վերահսկողություն իրականացնեն որդեգրած երեխայի նկատմամբ: Ընդ որում, նաև սահմանվել է պատասխանատվություն:

Նմանատիպ նյութեր