211652_close_icon
views-count4305 դիտում article-date 16:37 22-12-2018

Նիդեռլանդների իշխանությունները անփոփոխ են թողել հայ ընտանիքի արտաքսման որոշումը

Նիդեռլանդների իշխանությունները, չնայած ձեռնարկված բոլոր միջոցներին, անփոփոխ են թողել հայ Թամրազյանների ընտանիքի արտաքսման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշումը, այս մասին գրում է Dutch news-ը: Նշվում է, որ միգրացիայի հարցերով նախարար Մարկ Հարբերսը որոշել է չօգտագործել փախստականներին պաշտպանելու իր իրավունքից և ընտանիքը պետք է արտաքսվի Հայաստան: Նիդեռլանդների Հաագա քաղաքի բողոքական եկեղեցին շուրջ երկու ամիս շարունակ հոգևոր ծառայություն է մատուցել՝ ընտանիքին արտաքսումից պաշտպանելու համար: Ի պատասխան իշխանությունների որոշման՝ եկեղեցին հայտնել է, որ կշարունակի ծառայությունը: Շուրջօրյա հոգևոր ծառայությունն անհրաժեշտ է այն առումով, որ ըստ Նիդեռլանդներում գործող օրենքի՝ ոստիկանության ներկայացուցիչներն իրավունք չունեն հոգևոր ծառայության ընթացքի ժամանակ եկեղեցի մուտք գործել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտանիքն այժմ ապաստանել է եկեղեցում: Նիդեռլանդներում բնակվող 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը, որոնց հրաժարվել են փախստականի կարգավիճակ շնորհել, նամակով դիմել են Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, թագուհի Մաքսիմային, վարչապետ Մարկ Ռյուտեին՝ խնդրելով թույլ տալ իրենց մնալ երկրում: Հիշեցնենք, որ Հաագայում գործող Նիդեռլանդների Պետական խորհուրդն օգոստոսի 24-ին հրաժարվել է կացարան տրամադրել Լիլին և Հովիկին՝ որոշում կայացնելով նրանց Հայաստան արտաքսելու մասին, որտեղ նրանք երբևէ չեն բնակվել: Մեկ տարի առաջ Նիդեռլանդներից արտաքսվել էր երեխաների մայրը՝ Արմինե Համբարձումյանը:

Նմանատիպ նյութեր