211652_close_icon
views-count12841 դիտում article-date 19:56 22-12-2018

Պատրաստվենք 2019-ին վճարել լրացուցիչ հարկեր ու տուրքեր եւ շարունակել կռացած երթեւեկել. «Երկիր ծիրանի»

Պատրաստվենք 2019-ին վճարել լրացուցիչ հարկեր ու տուրքեր, գործուղումների եւ պարգեւավճարների համար տրամադրելու միլիոններ, շարունակելու կռացած երթեւեկելը, հանդուրժելու աղբն ու գարշահոտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Սեպտեմբերի 23-ի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գործող վարչապետի կողմից կիրառված ապօրինի քարոզչության միջոցով շուրջ 300 հազար երեւանցիների քվեն ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչներն արդեն սկսել են ցուցադրել քաղաքամայր Երեւանի ու երեւանցիների նկատմամբ իրենց «հոգատարությունը»: Մասնավորապես՝ Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեում, 2018 թվականի բյուջեի համեմատությամբ, շուրջ 1 միլիարդ 500 միլիոն դրամով (շուրջ 3 մլն դոլարին համարժեք) ավելացել են՝ արտասահմանյան գործուղումներին, պարգեւատրումներին, հատուկ վճարներին, խրախուսումներին եւ աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններին հատկացվող միջոցները: Փոխարենը՝ շուրջ 3 միլիարդ 600 միլիոն դրամով (շուրջ 8 միլիոն դոլարին համարժեք) պակասեցվել են՝ տրանսպորտին, փողոցների լուսավորմանը, բնակարանային շինարարությանը, կոմունալ ծառայություններին, վերելակների հիմնանորոգմանը, կանաչ տարածքների ստեղծմանն ու պահպանմանը հատկացվող միջոցները: Արդեն իսկ հանրության զգալի հատվածի եւ հասարակական միավորների արդարացի քննադատությանն արժանացած Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը գնահատում է որպես ոչ միայն հետընթաց, այլ նաեւ մեր մայրաքաղաքի ու երեւանցիների բազմաթիվ հիմնախնդիրներն անտեսող եւ նոր խնդիրներ հարուցող բյուջե: Ավելանալու են ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտների տեղական վճարներն ու տուրքերը, սահմանվելու են նոր տեղական վճարներ, ավելանալու են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի ու երաժշտության դպրոցների ուսումնական վճարները եւ այլն: Քաղաքային այսօրվա իշխանությունները չլուծված են թողնելու կանաչ տարածքների ավելացման ու պահպանության, բնակարանային շինարարության եւ դրանք ամենախոցելի խավերին տրամադրելու, փողոցների լուսավորության խնդիրները եւ այլն: Երեւանի քաղաքապետը, խախտելով նախընտրական շրջանում իր տված խոստումը, հայտարարեց, որ տրանսպորտային ցանցի խնդրի լուծումը կտեւի առնվազն երկու տարի, ինչը նշանակում է, որ այդքան ժամանակ մայրաքաղաքում շարունակվելու են ամենօրյա տրանսպորտային խցանումները եւ կռացած երթեւեկումը: Աղբահանության խնդիրը, որի պատկերին ու գարշահոտությանն ամեն օր՝ այս տարվա ամառային շրջանում երեք ամսից ավելի բախվեցին հարյուր հազարավոր երեւանցիները, մինչ օրս շարունակում է չլուծված մնալ: Դեռեւս 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը շտապ հայտարարության միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ ապօրինաբար քանդում են Սպիտակի վերելակաշինական գործարանը (ինչը մատնվեց անուշադրության եւ հանցագործությունը կոծկվեց), իսկ այսօր արդեն՝ քաղաքային նոր իշխանությունները կրճատում են հաջորդ տարվա վերելակների հիմնանորոգման ծախսերը... Հանրագումարի բերելով վերոնշյալը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է քաղաքային նոր իշխանությունների գործունեությունը, ինչի հետեւանքով դարձյալ անլուծելի են մնալու մայրաքաղաքի եւ երեւանցիներին հուզող բազմաթիվ խնդիրները, եւ այն գնահատում է որպես ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի հանցավոր գործունեության կատարելագործված դրսեւորում:

Նմանատիպ նյութեր