1977 դիտում
11:59 25-12-2018
Սիրիահայերը, այլ հայրենադարձներ ակցիա են իրականացնում. նրանք դեմ են Սփյուռքի նախարարության փակմանը
Հայաստանում հաստատված սիրիահայերը, այլ հայրենադարձներ ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության շենքի դիմաց: Նրանք դեմ են Սփյուռքի նախարարության փակմանը:
«[url=https://armenpress.am/arm/news/959300.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները նշում են, որ Հայաստանը ոչ բոլոր երկրներում ունի դիվանագիտական ներկայացուցիչներ, բայց Սփյուռքի նախարարությունը կապի մեջ է եղել բազմաթիվ երկրների հայ համայնքների հետ, նրանց ձայնը լսելի դարձրել Հայրենիքում: Դրանից բացի, Սփյուռքի նախարարությունը կառավարությունում տարբեր առաջարկություններով է հանդես եկել, որոնց արդյունքում կարգավորվել կամ դյուրացվել են Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հետ կապված հարցերը: Նրանք մտահոգություն են հայտնում այն մասին, որ Սփյուռքի նախարարության մինչև այժմ կատարած զգալի աշխատանքը զրոյացվում է: Դա այն դեպքում, երբ Հայաստանից դուրս մեծ թվով հայեր են ապրում: Ակցիայի մասնակիցները մտադիր են իրենց մտահոգությունները նամակի տեսքով ներկայացնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքի վարչության պետ Լևոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ սփյուռքահայեր միացել են նախարարությունը պահելու կոչին:
«Այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստանում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներից: Ներկայացուցիչները նշում են, որ նախարարությունը պետք է շարունակի իր գործունեությունը: Նախարարությունը պահելը շատ կարևոր խնդիր է: Մենք հանդիպում ունեցանք նախարարի հետ, ով փորձում է այս հարցը քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ: Վաղը նախատեսվում է նման քննարկում: Մենք կարծում ենք, որ առհասարակ ինստիտուտ չունենալը բավական լուրջ հետևանք կունենա: Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կան կետեր, որոնք առնչվում են Սփյուռքին: Սփյուռքի հետ աշխատանքի համար պետք է ունենալ ինստիտուտ, ոչ թե գերատեսչությունների առանձին բաժիններ: Մենք, Սփյուռքի հետ կապված, ունենք հստակ միասնական քաղաքականություն վարելու կարիք»,-ասաց Լևոն Անտոնյանը:
Նախարարության մի խումբ աշխատակիցներ ակցիայի մասնակիցների հետ ուղևորվեցին ՀՀ կառավարություն՝ նամակը փոխանցելու: Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն, ով ընդունեց նամակը:
Նմանատիպ նյութեր
2717 դիտում
21:57 26-05-2016
Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ. Սփյուռքի նախարար
1810 դիտում
17:31 12-09-2023
Ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց
Այս բաժնից
997 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
880 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
769 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին