5442 դիտում
10:30 26-12-2018
Հայաստանի թոփ-10 գլխավոր իրադարձությունները 2018-ին, որոնք փոխում են մեր երկիրը. aravot.am
[url=https://www.aravot.am/2018/12/25/1004644/?fbclid=IwAR29IALrEv61RIVFV6-TOuKTAGVQtsq0iF2_P_hHKGwtV1GyObrMI_JpsY8]Aravot.am[/url]-ը գրում է. «Մենք հպարտություն զգացինք, երբ բրիտանական հեղինակավոր «Էքոնոմիսթ»-ը Հայաստանը ճանաչեց «Տարվա երկիր»։ Հիանալի է, երբ մամուլի բազմադարյա ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ երկրների պարբերականների ուշադրությունը դրական իմաստով ուղղվում է դեպի քո երկիրը։ Բրիտանացի գործընկերները խմբագրականում նշում են, որ մեր երկրին՝ «հինավուրց եւ հաճախ վատ կառավարվող մի պետությանը, որը գտնվում է անհանգիստ տարածաշրջանում», այս տարի «հաջողվեց անցկացնել ժողովրդավարական փոփոխություններ՝ զերծ մնալով զոհերից»։ «Բողոքները, որոնք բռնկվեցին նախագահ Սերժ Սարգսյանի՝ իշխանությանը մնալու փորձից հետո, հասան իրենց նպատակին»,- գրում է պարբերականը եւ հավելում. «Պուտինյան դրածոն վռնդվեց, ոչ ոք չսպանվեց, իսկ Ռուսաստանին միջամտության առիթ չտվեցին»։
Այստեղ դժվար է «հայամետություն» տեսնել, երբ խոսքը պարզ արձանագրումների մասին է դրամատիկ պատմական իրադարձությունների, որոնք արդեն փոխել են եւ դեռ կփոխեն մեր երկիրը։ Տուրք տալով մամուլի ավանդույթներից եւս մեկին՝ ցանկություն առաջացավ առանձնացնելու անցնող տարվա՝ 2018 թվականի իրադարձություններից թոփ-10-ը, որոնք փոխում են մեր երկիրը թե՛ ներսից՝ բովանդակորեն, թե՛ դրսում՝ մեր երկրի վերաբերյալ ընկալումներում։
Այս իմաստով ոչ միայն հաճելի է համաձայնել «Էքոնոմիսթ»-ի նկատառումների հետ, այլեւ հնարավոր չէ չհամաձայնել, որ տարվա իրադարձությունը՝ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն էր Հայաստանում։ Եվ ուրեմն.
1. Հայկական թավշյա հեղափոխություն։ Մարտի 31-ին Ազգային ժողովի «Ելք» դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ Գյումրիի Վարդանանց հրապարակից քայլարշավ սկսեց Հայաստանի քաղաքներով եւ գյուղերով։ Երբ ապրիլի 11-ին պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանն ի նշան քայլարշավի մասնակիցների հետ համերաշխության եւ ի նշան բողոքի ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ երկու նախագահական ժամկետից հետո վարչապետի պաշտոնում ընտրության՝ խորհրդարանի ամբիոնի մոտ ֆայերներ վառեցին՝ հայտարարելով, որ դրանով խորհրդանշում են ազատության ապագա հաղթանակը Հայաստանում, ներկաների մեծ մասը մեծ ուշադրություն չդարձրին դրան՝ համարելով դա ընդդիմադիրների հերթական էպատաժային բնույթի մի դրսեւորում։ Սակայն հետագա դեպքերը սրընթաց զարգացումներ ունեցան։ Ապրիլի 15-ից Երեւանի Ֆրանսիայի հրապարակը դարձավ մի քանի հարյուր ցուցարարների մշտական հավաքատեղի, իսկ հաջորդ օրվանից սկսվեցին համատարած քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք մեկ շաբաթ անց հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից հետո նույն Ազգային ժողովի կողմից, համաձայն Սահմանադրության, ընտրվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում։
2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հեղափոխությունից հետո Հայաստանում նոր կառավարություն ձեւավորվեց, որն առաջին հերթին ԱԺ-ի հաստատմանը մեկամյա ծրագիր ներկայացրեց, ըստ որի՝ նախատեսվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «մեկ տարվա ընթացքում»։ Այդ ձեւակերպման վրա բազմաթիվ «նիզակներ կոտրվեցին», քանզի յուրաքանչյուր քաղաքական ուժ հակված էր յուրովի ըմբռնել այն։ Նոր կառավարության ընդդիմախոսները անհաջող փորձ կատարեցին հնարավորինս դժվարացնելու, իսկ ըստ էության՝ անհնարին դարձնելու հին ԱԺ արձակման գործընթացը, որն առանց այն էլ դժվար էր գործող Սահմանադրությամբ։ Սակայն «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», եւ Նիկոլ Փաշինյանի ստիպված հրաժարականից հետո (ըստ էության, դա օրենսդրությամբ նախատեսված միակ հնարավորությունն էր) ԱԺ-ն իրավունքի ուժով ճանաչվեց արձակված, եւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան երկար սպասված արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից կայացած ընտրություններն առաջին անգամ պատմության մեջ ճանաչվեցին որպես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող։
3. Երեւանի ավագանիների խորհրդի արտահերթ ընտրություններ։ Հեղափոխական տրամադրությունները հասարակության մեջ եւ երկրում գործադիր իշխանության փոփոխությունը կանխորոշեցին անցյալ տարի վերընտրված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Գործող ավագանիների խորհրդի մեծամասնությունը նոր թեկնածություն չառաջարկեց եւ, ինչպես եւ խորհրդարանը, իրավունքի ուժով արձակվեց, նշանակվեցին նոր՝ արտահերթ ընտրություններ։ Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններն առաջին մեծ ընտրական գործընթացն էր հեղափոխական Հայաստանում, որոնք անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, եւ որի ընթացքում պարզ դարձավ, որ «նկարովի» ընտրություններն այլեւս անցյալում են։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ երեւանցիների ձայների ավելի քան 81 տոկոսը, եւ հայտնի դերասան Հայկ Մարությանն ընտրվեց Երեւանի քաղաքապետ։
4. Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երեւանում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ միջազգային իրադարձությունն էր։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ տարիներ առաջ։ Հոկտեմբերին Երեւան ժամանեցին մոտ 4000 հյուրեր 84 երկրների պատվիրակությունների կազմում, այդ թվում՝ մոտ 30 երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Կանադայի վարչապետ Թրյուդոն։ Գագաթնաժողովն անցավ բարձրագույն մակարդակով, եւ հեղափոխության թոհուբոհի պայմաններում Հայաստանն արժանապատվորեն ներկայացավ հյուրերին իր ջերմությամբ եւ հյուրընկալությամբ։
5. Աննախադեպ հանդարտությունը դիմակայության գծին Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, Երեւան-Բաքու օպերատիվ կապի հաստատում։ 2016-ի Քառօրյա ապրիլյան պատերազմն էապես փոխեց մթնոլորտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ «Մեր ռազմավարական դաշնակցի» կողմից լայնածավալ զինամատակարարումների ֆոնին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները, մշտական սպառնալիքները կարծես այլ հնարավորություն չէին թողնում, քան նոր մոտալուտ պատերազմի բռնկումը, մանավանդ, երբ Բաքուն հրաժարվում էր իրականացնել իր իսկ ստանձնած՝ Վիեննայի պայմանավորվածությունները։ Սակայն Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ «ոտքի վրա հանդիպման» արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ խստորեն պահպանել զինադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-95թթ. համաձայնագրերով եւ հաստատել Երեւան-Բաքու օպերատիվ կապ։ Իհարկե, իրավիճակը խաբուսիկ է. կողմերի մոտեցումները բանակցային գործընթացում մնում են անփոփոխ, այն թեւակոխել է նոր՝ ակտիվ փուլ, եւ ելքերը մնում են անկանխատեսելի։ Հայկական կողմերը հայտարարում են, որ մտադիր չեն թուլացնելու զգոնությունը։ Բայց այն, որ զինվորները հակառակորդի կրակոցներից տեւական ժամանակ է, որ այլեւս չեն զոհվում՝ միանշանակորեն դրական զարգացում է։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/12/25/1004644/?fbclid=IwAR29IALrEv61RIVFV6-TOuKTAGVQtsq0iF2_P_hHKGwtV1GyObrMI_JpsY8]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
14:54 26-02-2019
Մեսին թոփ-5 լիգաներում տարվա լավագույն շրջանցողն է, Ռոնալդուն թոփ-50-ում չկա
1560 դիտում
10:17 25-12-2018
Հայաստանի 10 գլխավոր իրադարձությունները 2018-ին․ «Առավոտ»
2816 դիտում
17:18 15-09-2014
Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով. Ադրբեջանը փոխում է իր դիրքորոշումը
Այս բաժնից
679 դիտում
16:42 29-10-2024
Արա Եղոյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից
913 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)