126091 դիտում
20:47 26-12-2018
Ողբերգական դեպք Երևանում. Նուբարաշենի աղբանոցում շինաղբ տեղափոխող ЗИЛ-ը մոտ 70 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. վարորդի դին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբանոցում բեռնատար է կողաշրջվել և ավտոմեքենայի մոտ ընկած է տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 18 փրկարարական ջոկատը և թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկներով:
Ժամանել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տարոն Միրզոյանի գլխավորությամբ:
Փրկարարները մեծ դժվարությամբ շինարարական աղբի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտ 1 կիլոմետր քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետն ու դատական բժիշկը:
Փրկարարները դին հայտնաբերել են բեռնատարից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ բարձրությունը, որտեղից ավտոմեքենան գլորվել է ցած՝ մոտ 70 մետր է:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Վազգեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է ЗИЛ MMZ-45021 մակնիշի 225 AF 61 բեռնատարը հաշվառված է «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Ալբերտ Շահվերդյանն էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+