15289 դիտում
14:20 28-12-2018
Վիրաբույժը, ով ոչ միայն կտավներ է վրձնում, այլև` վիրահատությանը վերաբերվում է որպես «արվեստի գործ»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Այն, որ բժիշկ պիտի դառնայի մանկուց էր որոշված: Ինչու վիրաբուժություն` չգիտեմ, չեմ կարող ասել: Ասում են վիրաբույժ չեն դառնում, այլ` ծնվում են: Ինչ- որ չափով հավատում եմ այս խոսքերին», -ասում է մասնագիտությամբ վիրաբույժ Ներսես Բերբերյանը, ով դժվարությամբ է համաձայնվում խոսել իր մասին:
Փոխարենը խոսում եմ ես` հարցերի միջոցով փորձելով մի քիչ բացել լռակյաց տղամարդու կերպարը: Մինչ խաչաձև հարցեր եմ տալիս բժիշկն էլեկտրոնային փոստն է ստուգում ու գրառումներ անում:
Տարիներ առաջ Ներսես Բերբերյանը Սիրիայից Հայաստան եկավ ուսանելու: Հայկական ու արաբական միջավայրում մանկությունը անցկացրած երիտասարդ բժիշկն ասում է. «Հայաստան գալուց հետո հասկացա, որ այլևս չեմ վերադառնա Սիրիա»:
Չնայած, որ հայկական կրթություն էր ստացել, հայկական գաղութում մեծացել, բայց միջավայրն իրենը չէր`օտար էր: Սիրիա մեկնելու առիթը հետագայում միայն ծնողներին տեսնելն է դառնում:
«Հայ ես, ուրեմն պետք է ապրես քո հողում, շենացնես քո երկիրը», -ասում է բժիշկը:
Հարցիս` ռոմանտիկ եք, պատասխանում է հակիրճ` ոչ, ցանկացած նորմալ հայի նման`հայրենասեր:
Բժշկական համալսարանն ավարտելուց հետո Ներսես Բերբերյանը շարունակում է հետագա ուսումն ու հիմնավորապես հաստատվում հայրենիքում` ընտրելով մասնագիտության թերևս ամենաբարդ ու պատասխանատու ուղղվածությունը` կրծքագեղձի վիրաբուժությունը:
Չնայած երիտասարդ տարիքին նա հասցրել է լուրջ փորձառություն ձեռք բերել, մասնակցել է աշխարհի զարգացած երկրների` Շվեցարիայի և Իտալիայի կրծքագեղձի խնդիրներով զբաղվող առաջատար կլինիկաներում վերապատրաստումների և մաստերկլասերի:
Ցավոք, հասարակության շրջանում ժամանակին բժշկի դիմելու կամ պրոֆիլակտիկ հետազոտվելու մշակույթը դեռ զարգացած չէ: Ասում է կրծքագեղձի վիրաբույժն, ով ամեն օր ստիպված է լինում մի քանի անգամ բախվել այն իրողության հետ, որ կլինիկա դիմած կանանց մոտ այդ առումով խնդիրներ կան: Առաջին զրույցը հոգեբանական աջակցությունն է`հիվանդի հետ անկեղծ զրուցելն է, վերջինիս վստահեցնելով, որ դա ժամանակավոր խնդիր է ու կանցնի:
«Միայն կամք, ցանկություն ու լավատեսություն է պետք, որպեսզի մարդն ունենա, մնացածը` մասնագետների խնդիրն է», -ասում է բժիշկ Բերբերյանը, լրացնելով, որ հիվանդությունը հաղթահարելու ամենամեծ գրավականը հիվանդի նախատրամադրվածությունն է:
«Վիրահատարան մտնելուց հետո` բուն աշխատանքի ընթացքում սառնասիրտ եմ, այլ կերպ չի էլ կարող լինել», -ասում է նա ավելացնելով` բայց առօրյայում, հիվանդների հետ շփվելիս չեմ կարող սառնասիրտ լինել:
«Ես կիսում եմ նրանց հուզմունքը, ուրախությունը, «դուխ» եմ տալիս հաղթահարել հոգեբանական վիճակը, հետագայում էլ կապ եմ պահպանում նրանց հետ: Կանայք ուժեղ են իհարկե, բայց նաև աջակցության կարիք ունեն: Նրանց հետ և դժվար է աշխատել, և հեշտ է», -հավելում է իր բոլոր հիվանդներին ու նրանց հիվանդության պատմության /история болезни/ մանրամասները հիշող բժիշկը:
Մեր զրույցը մի քանի անգամ ընդհատվում է սոնոգրաֆիայի ու մամոգրաֆիայի սենյակներում հետազոտվող հիվանդների ախտորոշման հետ կապված: Էկրանին երևացող պատկերն ուսումնասիրելուց հետո ասում է` լուրջ խնդիր չկա:
Վիրահատությանը որպես «արվեստի գործ»-ի է վերաբերվում: Ասում է Ներսես Բերբերյանն առանց աչքը հեռացնելու հերթական հիվանդի գործից: Ուրախալի է, երբ վիրահատությունից հետո արդյունքը շատ դրական է լինում և դու պիտի ասես այդ մասին: Ներքին հուզմունք կա այդ պահին` կարողացել ես օգնել մարդուն:
Մեր զրուցակիցի խոսքով, եթե մարդը պետք է վիրաբույժ դառնա, ապա դա ի վերուստ է տրված: Օնկոպլաստիկ վիրաբույժին նաև արվեստն է հարազատ` նկարում է, երաժշտությամբ հետաքրքրվում: Անհատական ցուցահանդեսի մասին գուցե մի օր մտածի, եթե ազատ ժամանակ գտնի ու շարունակի ստեղծագործել, իսկ առայժմ արդեն վրձնած նկարներն աշխատասենյակն են զարդարում: Մտովի հետ է գնում ուսանողական տարիներ ու հիշում, որ դասախոսի հանձնարարությամբ պետք էր թղթին հանձնել բջջաբանության դասի ընթացքում մանրադիտակի տակ տեսածը: Ապագա բժիշկի խոսքով ինքը տպավորիչ ու գեղեցիկ նկարել էր, այնքան տպավորիչ, որ նկարը պահեցին ամբիոնում:
Իսկ նկարել սկսել է դպրոցական տարիներին ու տարբեր թեմաներով, բայց ավելի հասուն տարիքում դրանք թեմատիկ առումով բոլորն արդեն կապված են եղել մասնագիտության հետ: Աշխատասենյակի պատին փակցված գործերն առաջին հայացքից աբստրակտ պատկերներ են թվում, ավելի ուշադիր նայելիս նկատում ես` հերոսը կին է:
«Էսթետիկան ինձ համար մեծ նշանակություն ունի: Նկարչությունն օգնում է վիրահատական սեղանի մոտ յուրաքանչյուր կտրվածք անելիս: Ես պատկերացնում եմ, թե ինչ հետք է թողնելու այս կամ այն կտրվածքը կամ ինչպես անել, որ հետագայում հնարավորինս չերևա դա: Պետք է այնպես անել, որ քո կտրվածնքները խնդիրներ չառաջացնեն», - մեղմ ժպիտով ասում է Ներսես Բերբերյանը:
Օնկոպլաստիկ վիրաբույժի խոսքով իր նպատակը ոչ միայն կրծքագեղձի վիրահատություն իրականացնելն ու ուռուցքը հեռացնելն է, այլև` կնոջ կրծքագեղձը պահպանելը: Բարեբախտաբար մեզ մոտ էլ արդեն սկսել են կիրառել աշխարհի զարգացած երկրների փորձը:
Երբ մասնագիտական ու արվեստի ոլորտից անցում եմ կատարում անձնականի ու հետաքրքրվում եմ արդյոք կուզենա, որ իր փոքրիկ դուստրն էլ վիրաբույժ դառնա` երիտասարդ հայրիկի աչքերը միանգամից սկսում են փայլել:
«Աղջիկս շատ արտիստիկ է, սիրում է պարել, նկարում է, ասմունքում, բայց նաև ասում է, որ բժիշկ է դառնլու: Արդեն հետաքրքվում է իմ մասնագիտությամբ, տարաբնույթ հարցեր է տալիս: Դեռ վաղ է, որևէ բան ասել, թեև բոլոր նախապայմանները կան», -եզրափակում է մեր զրույցը բժիշկ Բերբերյանը` դեմքին անթաքույց ժպիտով` եթե այդուհանդերձ որոշի բժիշկ դառնալ, ինքը միայն ուրախ կլինի:
Մարինա Հովհաննիսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
14619 դիտում
23:30 05-10-2017
«Զվարթնոց» օդանավակայանի «Մեկնումներ» և «VIP» սրահներում ներկայացվել են Հայ ժամանակակից աբստրակտ արվեստի կտավներ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան