211652_close_icon
views-count2294 դիտում article-date 16:59 29-12-2018

Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով փաստաբանները դիմել են ՀՔԾ

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն են տարածել այն մասին, որ իրենց պաշտպանյալը կարիք ունի շտապ բժշկական միջամտության։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս նպատակով փաստաբանները դիմում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը: «Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»,- ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Քանի որ նրա անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, փաստաբանական խումբը դիմում է ներկայացրել ՀՔԾ: Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Ազատ արձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց: Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր