211652_close_icon
views-count5956 դիտում article-date 19:23 06-01-2019

Ֆրանսահայ Ջեյմ Մարկոսյանին Արցախում ծեծի ենթարկելու լուրը կեղծ է. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում մի քանի ժամ շարունակ շրջանառվող լուրին, թե Արցախում ծեծի են ենթարկել համասեռական Ջեյմ Մարկոսյանին: Արտակ Բեգլարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել ֆրանսահայ, Ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ համասեռամոլ Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը: 1. Նյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը միտումնավոր է կեղծել լուրը՝ օգտագործելով համացանցում առկա այլ լուսանկարներ: Մասնավորապես, այդ լուսանկարները գտել եմ «Pinknews» բրիտանական կայքի՝ 2016թ. ապրիլի 14-ի մի նյութում (հղումն ու էկրանակադրը կցում եմ): 2. Տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ նման միջադեպով և անուն ազգանունով ոչ ոք չի դիմել: 3. Ոստիկանություն հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին ոչ մի նման միջադեպ չի արձանագրվել սփյուռքահայի հետ, իսկ այդպիսի անուն ազգանունով մարդ էլ որևէ հաղորդում չի տվել իրեն ծեծելու մասին: 4. Հարցում արեցի նաև Առողջապահության նախարարություն, որտեղից էլ հայտնեցին, որ հիվանդանոցներ նման միջադեպով և նման անուն ազգանունով մարդ չի դիմել: 5. Արտգործ նախարարություն էլ հարցում արեցի, որպեսզի ստուգեն, թե արդյոք վերջին օրերին իրենց նման անուն ազգանունով օտարերկրյա քաղաքացի դիմել է վիզա ստանալու նպատակով: 6. Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքներն ու ապացույցները՝ կարող ենք եզրակացնել, որ լուրը կեղծ է, իսկ թե ինչու է այդ էջը նման կեղծ լուր հրապարակում և շահարկում արցախցիների հավաքական անունը, կարող ենք միայն ենթադրել: 7. Ուստի, խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու օգտատերերից, որ չտարածեն այդ կեղծ գրառումը՝ որպես իրականություն: Հ.Գ. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Թող բոլորդ զերծ լինեք բռնություններից, կեղծիքներից ու մարդու իրավունքների խախտումներից»:

Նմանատիպ նյութեր