Եվրոպական ոչ մի կառավարություն պատրաստ չէ ընդունելու Միջերկրական ծովում հայտնված 50 ներգաղթյալներին
Sea-Watch հասարակական կազմակերպության երկու նավեր գտնվում են եվրոպական ջրային սահմաններում, սակայն եվրոպական ոչ մի կառավարություն պատրաստ չէ ընդունելու անօրինական ներգաղթյալների, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4734232.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Գերմանական Sea-Watch հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է որոշում կայացնի 49 ներգաղթյալների հետագա ճակատագրի վերաբերյալ: Վերջիններս գտնվում են Միջերկրական ծովում երկու փրկարար նավերի վրա:
Իր հերթին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հորդորել է եվրոպական առաջնորդներին աջակցություն ցուցաբերել ներգաղթյալներին: Sea-Watch-ի ներկայացուցիչ Ալինա Քրոբոկը այս իրավիճակը որակում է որպես “եվրոպական ձախողում»:
«Վերջիններս Եվրոպայի սահմաններին են, ուստի այստեղ պատասխանատուն եվրոպական կողմն է: Դաշինքի բոլոր անդամ երկրների մեծ բացթողումն է այս մարդկանց նկատմամբ անտարբերությունը, որ շարունակվում է արդեն 3 շաբաթ»,- ասել է Քրոբոկը:
Ըստ նրա գերմանական 30 քաղաքներ իրենց պատրաստակամույունն են հայտնել ընդունել ներգաղթյալներին: Իրենց համաձայնությունն են տվել նաև իտալական մի շարք քաղաքներ:
Հունվարի 3-ին Նեապոլի քաղաքապետը հայտարարել է, որ իր քաղաքը պատրաստ է դուրս գալ ընդդեմ ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիի և թույլ տալ 32 ներգաղթյալների մուտքը քաղաք, որոնք գտնվում են Sea-Watch-ի նավերից մեկի վրա:
Sea-Watch-ը վերջիններիս, որոնց մեջ են նաեւ երեխաներ եւ անչափահասներ, փրկել է Լիբիայի ափամերձ ջրերից դեկտեմբերի 22-ին:
«Նրանց միավորում է մեկ նպատակ: Նրանք բոլորն էլ փորձում են հեռանալ Լիբիայից: Հանուն դրա նրանք պատրաստ են ցանկացած ռիսկի»,- ասում է Sea-Watch-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Հաննը:
Այս պահին նավը գտնվում է Մալթայի ջրային սահմաններում:
Հայտնի է, որ ներգաթյալներից մեկը փորձել է լողալով հասնել ափ, սակայն նրան վերադարձրել են նավի վրա: Մարդասիրական մյուս նավի վրա գտնվում են 17 ներգաղթյալներ, ում փրկել են դեկտեմբերի 29-ին: