1942 դիտում
11:39 10-01-2019
Ազգային փոքրամասնությունների պատգամավորները նոր իշխանությունների հետ աշխատելու են նախկինի նման
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ասորական համայնքը ներկայացնող Արսեն Միխայլովն ու քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը նոր իշխանության հետ կաշխատեն նույն ձևով, ինչպես աշխատել են նախկին իշխանության հետ: Պատգամավորներն այս մասին ասացին «Արմենպրես»-ի հետ զրույցում:
Հասանովն ու Միխայլովը 6-րդ գումարման Ազգային ժողովում իրենց համայնքների կողմից ներկայացված էին նախկինում իշխող Հանրապետական խմբակցությունում, այսօր արդեն ԱԺ-ում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» խմբակցության կազմում են:
«Նախորդ իշխանության հետ աշխատանքը նորմալ եմ գնահատում: Կարողացել ենք հարցեր բարձրացնել և լուծումներ ստանալ մեր համայնքի վերաբերյալ: Օրինակ` մեզ համար շատ կարևոր էր խոշորացման ծրագիրը, որոնցում ընդգրկված էին մեր ասորաբնակ գյուղերը: Ես այդ հարցը կարողացա բարձրացնել և խնդրել, որ ազգային փոքրամասնությունների համայնքների խոշորացումը չլինի, որպեսզի կարողանան պահպանել իրենց կրթամշակութային հարցերը»,- նշեց Արսեն Միխայլովը:
Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի խոսքով` նախորդ իշխանությունների թերությունների համար ժողովուրդն է իր գնահատականը տվել:
«Նախորդ իշխանությունների օրոք մեր բոլոր հարցերը բարձրացվել են և ստացել իրենց լուծումները: Մնացած բոլոր թերությունների համար ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է»,- ասաց Հասանովը:
Ասորական համայնքը լուծման կարիք ունեցող հրատապ խնդիրներ այժմ չունի, բայց անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացնի նաև նոր ձևավորված իշխանությանը:
«Հրատապ հարցեր չկան: Ունենք, իհարկե կրթամշակութային ոլորտում հարցեր, որոնք պետք է նորից բարձրացնենք ու տեսնենք, թե ինչ լուծում են ստանում: Հրատապ հարցերով մեր համայնքային կազմակերպությունները զբաղվում են, իսկ այն հարցերը, որոնք մեր համայնքային կազմակերպությունները չեն կարողանա լուծել, կբարձրացնենք Ազգային ժողովում, որ կարողանանք լուծում տալ»,- նշեց Միխայլովը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները արդյունավետ համագործակցություն են ակնկալում նոր ձևավորված Ազգային ժողովի մեծամասնությունից:
«Մարդիկ ուզում են բաց աշխատել, համարձակ, ազնիվ: Կարծում եմ` Հայաստանում պետք է ընդունեն ազգային փոքրամասնություններին այնպես, ինչպես միշտ է եղել, և իրենց խնդիրներով զբաղվեն ու լուծումներ տան»,- ասաց ասորական համայնքի ներկայացուցիչը:
Քրդական համայնքի ներկայացուցիչը մեծ հույսեր է կապում տնտեսական հեղափոխության հետ:
«Ներկա իշխանությունները խոստացել են, որ պետք է հայտարարեն տնտեսական հեղափոխություն, և այս տնտեսությունը երբ զարգանա, նաև կզարգանան մեր երկիրն ու բանակը: Տնտեսության զարգացումից են կախված նաև մնացած բոլոր հարցերը` կենցաղը, մշակույթը, կեցությունը»,- նշեց Հասանովը:
7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 4 ազգային փոքրամասնությունների մեկական ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
17:08 31-03-2024
Մենք նախկինի պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար․ Տոյվո Կլաար
702 դիտում
18:29 05-09-2014
«ՆԱՏՕ-ի դուռը նախկինի նման բաց կլինի». Ռասմուսեն
Այս բաժնից
877 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
796 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News