211652_close_icon
views-count1474 դիտում article-date 23:08 16-01-2019

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է անցկացրել։, որի րօակարգային գլխավոր հարցը նվիրված է եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի քննարկմանը: Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել փաստաթղթի նախագիծը: Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությունը նախևառաջ պետք է համահունչ լինի միջազգային փաստաթղթերին, նման ռազմավարությունների կազմման համար ամրագրված սկզբունքներին, մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ (2013 թվական, հոկտեմբերի 21-22) տեղ գտած սկզբունքներին: «Այս փաստաթուղթը պետք է կազմված լինի նաև այնպես, որ շարքային քաղաքացին կարդա և հասկանա, թե իր կյանքում ինչ է փոխվելու դրա իրականացման արդյունքում»,-ասել է Զադոյանը՝ հավելելով, որ նպատակահարմար չէ դրանում ներառել այնպիսի փոքրագույն խնդիրներ, ինչպիսիք են աշխատանքային գրքույկների թվայնացումը և այլն: Անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալու հարցին՝ Զադոյանն ասել է, որ կարելի է տասնյակից ավելի մարմինների անուններ թվարկել, որոնք վերջին տարիներին զբաղվել և զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարով, սակայն չկա գեթ մեկ մարմին, որը պատասխանատու է այդ պայքարի արդյունքների համար: «Այսինքն, մինչ օրս գործել է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված մոդել, որն իրեն չի արդարացրել»: Զադոյանի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նույնպես չի նախատեսվում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախաքննության, հետաքննության ու օպերատիվ-հետախուզական գործառույթներով: «Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու հարցին և փաստել այդպիսի մարմին ունենալու անհրաժեշտության մասին»: Նիստի ընթացքում քննարկվել է նաև կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմեր ունենալու անհրաժեշտության հարցը: Շեշտվել է, որ ներկայումս մի շարք երկրներում կան հատուկ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ «Ռազմավարության նախագծով նախատեսվում է իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրում, որի դեպքում միայն գրանցամատյան կստեղծվի և կգործարկվի, որի արդյունքում իրավաբանական անձանց իրավունք է տրվում, այլ ոչ թե պարտականություն սահմանվում բացահայտելու իրական սեփականատերերին»,-նշել է Զադոյանը՝ առաջարկելով հիմնել իրական սեփականատերերի ռեեստր, որտեղ բոլոր իրավաբանական անձինք պարտավորված կլինեն գրանցվելու և բացահայտելու իրենց իրական սեփականատերերին: Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նույնպես ներկա է եղել նիստին, կարծիք է հայտնել, որ ռազմավարության նախագծում շատ քիչ տեղ է հատկացված իրականացվելիք միջոցառումներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) մասնակցությանը: Նրա խոսքով՝ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման բոլոր փուլերում՝ սկսած հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, փաստաթղթերի քննարկման և փորձաքննության, հանրային իրազեկման և կրթական ծրագրերի իրականացումից, վերջացրած իրականացվող միջոցառումների մշտադիտարկման և գնահատման փուլով, անհրաժեշտ է նախատեսել և հնարավորինս ընդլայնել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասնակցությունն ու դերակատարությունը: «Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության դրույթների քննարկման, համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի լրամշակման նպատակով օգտակար կլինեն Հանրային խորհրդի հարթակի գործառնումը, քննարկումների կազմակերպումը ՀԽ հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում»,-նշել է Հովհաննիսյանը: Հանրային խորհրդի անդամ Մարատ Ատովմյանն էլ ընդգծել է, որ թեև նախագծով հանրային իրազեկմանն ու հակակոռուպցիոն կրթությանը նվիրված առանձին բաժին է նախատեսված, սակայն այդ բաժնից դուրս են մնացել երկրի եռաստիճան կրթական համակարգում հակակոռուպցիոն կրթությունը բովանդակային հենքի վրա դնելուն ուղղված միջոցառումները, ինչը բխում է նաև ՏՀԶԿ զեկույցից: «Այնինչ, հասարակության շրջանում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության վերաբերմունք ձևավորելու գործում զգալի նշանակություն ունի սերունդների հակակոռուպցիոն դաստիարակության հարցը, որի լուծման համար պատասխանատվության իրենց բաժինը պետք է վերցնեն երկրի եռաստիճան կրթական համակարգի դերակատարները»,-նշել է նա: ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը կներկայացնի ՀՀ Հանրային խորհրդին, որի կողմից հաստատվելուց հետո փաթեթը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն՝ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերջնական տարբերակում ներառելու նպատակով։

Նմանատիպ նյութեր