211652_close_icon
views-count2082 դիտում article-date 10:49 18-01-2019

Քաղաքացիներն իրավունք ունեն բողոքելու նաև լեգիտիմ իշխանության դեմ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1990 թվականին, արդեն հեղափոխության հաղթանակից հետո, ԱԻՄ-ականները կարմիր ներկ էին ցփնել հայ-ռուսական բարեկամության և մի շարք այլ արձանների վրա: Երբ Գերագույն խորհրդում այդ միջադեպն էր քննարկվում, Պարույր Հայրիկյանը նշեց, որ թեև նման գործելակերպը չի ողջունում, սակայն հասկանում է մարդկանց արարքների դրդապատճառները: ԱԻՄ առաջնորդը նաև հարց տվեց՝ ՀՀՇ-ականները ջարդել էին Հրանտ Ոսկանյանի գլուխը, ո՞վ է դրա համար պատասխան տվել: Դրան ի պատասխան Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այսուհետ ամեն ինչ կլինի օրենքով: Այստեղ առանցքային բառն «այսուհետ»-ն է, որով սահմանազատվում են այն արարքները, որոնք արվել են «հանուն ազգի», «հանուն հայրենիքի», «հանուն ժողովրդավարության» և այլ բարձր գաղափարների, և գործողությունները, որոնք, ենթադրաբար, կատարվել են առանց այդ սքանչելի մոտիվացիայի: Օրինակ՝ ի՞նչ կանեն այսօր այն զինվորականների հետ, որոնք, իրենց զորամասը թողած, կմասնակցեն քաղաքական ցույցի: Նրանց, կարծում եմ, կկանգնեցնեն զինվորական դատարանի առաջ դասալքության մեղադրանքով: Եվ ճիշտ կանեն: Բայց դա կլինի, այսպես ասած, «այսուհետ»: Երբ նրանք նույնն արեցին մի քանի ամիս առաջ, դրա համար ոչ ոք չպատժվեց: Ինչո՞ւ: Որովհետև դասալքությունն իրականացվել է «ազգի համար»: Չկա այն գիտակցությունը, որ չպատժելը վտանգավոր է փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության և, ի վերջո, ներկայիս իշխանության համար: Եթե կա անպատժելիության նախադեպը, ապա բացառված չէ, որը վաղը զինվորականների որևէ խումբ նույնպես կցանկանա կիրառել պայքարի այդ գործիքը: Մոտավորապես նույնը ճանապարհներ փակելն է: Ասում եմ՝ «մոտավորապես», որովհետև զինվորականների դեպքում օրենքի խախտումն ինձ համար ակնհայտ է, փողոց փակելու դեպքում՝ ոչ այնքան: Բայց եթե առաջ փողոց փակելը քաղաքական, քաղաքացիական կամ սոցիալական պայքարի ընդունելի գործիք էր, ապա ընդունելի պետք է լինի նաև հիմա: Անհրաժեշտ են եզակի, ոչ թե երկակի ստանդարտներ՝ անկախ պահանջների բովանդակությունից, չնայած ինձ, օրինակ, արտառոց է թվում մահացու հիվանդություն ունեցող մեղադրյալի խափանման միջոցը փոխելու պահանջով միջպետական ճանապարհ փակելը: Բայց եթե կարելի էր մի քանի ամիս առաջ, կարելի է նաև հիմա: Քաղաքացիներին ոչ ոք «արտոնագիր» չի բաժանում ցույցեր անելու համար: Կամ՝ «իրենց դուռն է, ջարդում են», կամ՝ պետական հիմնարկների դռներն ընդհանրապես չի կարելի ջարդել: Իհարկե, մինչև անցած տարվա ապրիլը իշխանությունը լեգիտիմ չէր, հիմա լեգիտիմ է: Բայց քաղաքացիներն իրավունք ունեն բողոքելու նաև լեգիտիմ իշխանության դեմ: Բողոքի որ ձևերն են օրինական, որոնք՝ ոչ, թող իրավապահներն ասեն: Ի դեպ, «դեղին բաճկոնները» Ֆրանսիայում չեն վիճարկում Մակրոնի լեգիտիմությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր