211652_close_icon
views-count3985 դիտում article-date 17:20 24-01-2019

Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, կարևորել մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը ևս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղված ցանկացած փոխշահավետ նախաձեռնությանը: Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է բարեկամական խմբերի համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ակտիվացմանը: Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել: Դեսպանը, արժևորելով միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին: Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առավել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները: Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարևորել մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանումը և ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցության զարգացման և ընդլայնման դեռևս չիրացված մեծ ներուժ կա: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաև Մեղրիի և Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը: Դեսպանն Արարատ Միրզոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջույնները և Իրան այցելելու հրավերը:

Նմանատիպ նյութեր