60633 դիտում
10:53 28-01-2019
Ավազակային հարձակում Երևանում. ճիվաղը բուքմեյքերական կենտրոնում դարանակալելուց հետո դաժան ծեծի է ենթարկել գանձապահին, դրամարկղից էլ հափշտակել 1 միլիոնից ավելի գումար և դիմել փախուստի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Երեկ՝ հունվարի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված բուքմեյքերական կենտրոնի գանձապահ՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Հասմիկ Ճ.-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում և գլխի հատվածում։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։50-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել նշված կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, որից հետո դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ և դիմել փախուստի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղի կողմից կնոջը դաժան ծեծի ենթարկելու և դրամարկղից գումարը գողանալու պահը ֆիքսվել է տեսախցիկով։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ տականքին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: