211652_close_icon
views-count2271 դիտում article-date 13:16 30-01-2019

Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնելը: Այս մասին ասված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ: Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները: Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ: Դիմողի կարծիքով՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը՝ հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները: Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Դրանից բացի նշում է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Դատավորի և, հետևապես՝ դատարանի անկախության առանցքային կանոնն ամրագրող այս դրույթը, ի թիվս այլնի, ամրագրում է նաև Սահմանադրությանը համապատասխան գործելու դատավորի պարտադիր լիազորությունը, ինչը նշանակում է, որ Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն Սահմանադրությամբ վերապահված է յուրաքանչյուր դատարանի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանին: Դատարանների կողմից սահմանադրական նորմերի ճիշտ և միատեսակ ընկալմամբ, մեկնաբանմամբ և կիրառմամբ է պայմանավորվում նաև սահմանադրականության հաստատումը:

Նմանատիպ նյութեր