69394 դիտում
22:45 12-02-2019
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 42–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Հայկազ Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 51 QQ 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում Սևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 51-ամյա Էլիման Պապյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սևանի հիվանդանոց, սակայն վերջինը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայր է ժամանել նաև Սևանի դատախազ Արթուր Գևորգյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ձուկ գնելիս է եղել և Opel-ը վրաերթի է ենթարկել նրան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+