2210 դիտում
09:36 15-02-2019
Ո՞վ է մշակելու ու իրականացնելու Սփյուռքի հետ կապված քաղաքականությունը․ «Ամերիկայի ձայն»
ՀՀ իշխանությունները վերակազմավորում են Սփյուռքի նախարարությունը՝ փոխարինելով այն ՀՀ վարչապետին կից հանձնակատարի պաշտոնով: [url=https://www.amerikayidzayn.com/a/4787475.html]«Ամերիկայի Ձայնը»[/url] քննարկել է այս հարցը սփյուռքահայ շրջանակների և փորձագետների հետ:
Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են կառուցվածքային փոփոխություններ կառավարման համակարգում: Ըստ վարչապետ Փաշինյանի, կառավարությունը միտված է իր կառուցվածքում չունենալ Սփյուռքի նախարարություն: Փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոն: Սփյուռքագետ Վահե Սահակյանն անդրադառնում է հանձնակատարի հիմնական գործառույթներին, որոնք ընդգրկում են Սփյուռքի հարցերում նախարարությունների աշխատանքի համակարգումը, քաղաքականության ուղղությունների առաջարկությունները և իրականցվող քաղաքականության մշտադիտարկումը: Նա խնդիրը դիտարկում է որդեգրած քաղաքականության հարթակում:
«Սփյուռքի նախարարության կարգավիճակը փոխելու կամ պահելու հարցը ածանցյալ է: Առաջնայինը այն է, թե ինչ քաղաքականություն ենք ունենալու կամ չենք ունենալու Սփյուռքի հետ հարաբերություններում»,- նշում է Սահակյանը:
Առաջարկված նախագիծը, ըստ Սահակյանի, սակայն չի հստակեցնում քաղաքականության մշակման և իրականացման գործառույթի հիմնական օղակը:
«Ինձ համար հարց է, թե ով է լինելու քաղաքականության մշակողն ու իրականացնողը, եթե, ըստ առաջարկված նախագծի, հանձնակատարը չունի այդ լիազորությունները: Եթե այն պետք է իրականացնեն տարբեր նախարարություններ, ինչպես նշված է վարչապետի վերջին ելույթներում, ապա հարց է ծագում, արդյո՞ք Սփյուռքի հետ կապերն ապահովող բաժինները պետք է ստանան հավելյալ ֆինանսավորում՝ ավելի լավ քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար հանձնակատարի համակարգմամբ»,- հարց է բարձրացնում փորձագետը։
Իր հերթին Վաշինգտոնում Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակ, արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանի կարծիքով էլ Սփյուռքի նախարարության գործառույթների ապակենտրոնացումը հարց է առաջացնում, թե որն է այն հիմնական մարմինը, ուր կարող է դիմել սփյուռքահայությունը, և արդյոք կարող է մեկ պաշտոնյան իրականացնել մի ամբողջ կառույցի կատարած աշխատանքի ծավալը:
«Նրանք նշում են, որ ամեն մի նախարարություն պետք է զբաղվի Սփյուռքի հետ կապերով, սակայն չեմ կարծում, որ ամեն մի նախարարություն ամեն ինչով կարող է զբաղվել: Հստակություն է անհրաժեշտ: Կարծում եմ այստեղ դեռևս այն չկա»,- նշում է արքեպիսկոպոսը:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
4591 դիտում
10:43 19-01-2018
ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1057 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»