1318 դիտում
16:05 20-02-2019
Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան. Նախագահ Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր կսկիծ ու ցավ ապրեցի՝ ստանալով մեր ժողովրդի արժանավոր դուստր, ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան գույժը:
Այս կորուստը չափազանց մեծ է Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան՝ մշտապես լինելով նրանց կողքին ու նրանց մեջ:
Որպես արժանի զավակ իր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի, որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ ու բարերար, նրա մատուցած ծառայությունները Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին իրապես բացառիկ են իրենց ծավալներով ու բովանդակությամբ:
Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Արցախը դարձան նրա հայրենանվեր գործունեության թիրախը, որոնց Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնը նվիրված մնաց մինչև իր կյանքի վերջը: Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ ու պատվավոր անդամ, նա բազմաթիվ ծրագրեր նախաձեռնեց ու իրականացրեց թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում:
Այդ Մեծ Տիկինն իր ընդգրկուն գործունեությամբ և հեղինակությամբ դուրս է գալիս ազգային սահմաններից և մեր ժողովրդին լավագույն կերպով ներկայացնում միջազգային մակարդակով:
Համազգային կորստի այս ծանր պահին անկեղծ ու խորին ցավակցությունս եմ հայտնում Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնի ընտանիքին ու հարազատներին, եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, հոգաբարձուների խորհրդին և կիսում բոլորի վիշտը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»