2923 դիտում
10:59 26-02-2019
Նորի՞ց «ազգային դավաճանություն»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իր և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կապի» մասին անհեթեթ խոսակցություններին՝ համոզիչ կերպով հերքելով «հոգեզավակի» մասին քարոզչական հեքիաթը: Այն, ինչ այս թեմայով գրել է առաջին նախագահը, վստահ եմ, որ ճշմարտություն է, և այդ բացատրություններից հետո գոնե չնախապաշարված մարդկանց համար այդ թեման վերջնականապես կփակի: Ես էլ, երբ ինձ հարցնում էին այդ առասպելական «հոգեզավակության» մասին, մշտապես պատասխանում էի, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե որևէ մեկի խորհուրդը հարցնի և ավելի անհավանական է, որ այդ խորհրդին հետևի: Ի դեպ, վարչապետի այդ հատկանիշը որքան առավելություն է, այնքան էլ՝ թերություն:
Հարցեր է առաջացնում Տեր-Պետրոսյանի տեքստի վերջին պարբերությունը, որտեղ օգտագործվում են «հակապետական», «ազգային դավաճանություն», «պատերազմ» և այլ նման թունդ արտահայտություններ: Ինչ խոսք, դա տեղավորվում է վերջին 30 տարվա մեր քաղաքական հռետորաբանության շրջանակներում. «ազգային դավաճան» էին սկզբից կոմունիստները, այնուհետև ինքը՝ Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ն՝ հատկապես 1998-ից հետո, երբ նրանք «պարտված» ռեժիմ էին և «ռևանշիստներ»: «Ժողովրդին պատերազմ էին հայտարարել» Հայաստանի բոլոր երեք նախագահները և վաղն, անշուշտ, նման բաներ են ասելու նաև վարչապետ Փաշինյանի մասին:
Արդյոք այս պահիս կա՞ն Հայաստանում մարդիկ, որոնք «վառված» են իշխանությունը կորցնելու պատճառով և գրեթե ամեն օր արտահայտում են իրենց «աբիժնիկական» հույզերը, ասում են, որ առանց իրենց Հայաստանը կործանվում է և այլն: Իհարկե, կան: Բայց դրա մեջ չկա որևէ անսովոր և արտառոց բան: Նման մարդիկ եղել են և միշտ կլինեն, նրանք մշտապես կփորձեն վարկաբեկել օրվա իշխանություններին: Բայց դա ոչ դավադրություն է, ոչ էլ պատերազմ՝ դրանք մի խումբ մարդկանց միանգամայն հասկանալի զգացմունքներ են: Ես կհամաձայնեի այն հեղինակների հետ, որոնք կոչ են անում ուշադրություն չդարձնել այն մարդկանց ասածներին: Մյուս կողմից, այդ մարդիկ իրավունք ունեն արտահայտվելու, և լրատվամիջոցներում նրանց ի հայտ գալուն պետք է հանգիստ վերաբերվել:
Իսկ այդ խմբի կողմից արտահայտած մտքերին «դավադրական» նշանակություն տալը, նրանց ելույթների կարևորությունը չափազանցնելը որոշակի վտանգ է ներկայացնում հասարակական մթնոլորտի տեսանկյունից: Իշխանության հասցեին ցանկացած քննադատությանը կարելի է կպցնել «նախկինների» կողմից կազմակերպված «ազգային դավաճանության» պիտակը, և եթե որևէ երևույթի տրված բացասական, ոչ հրճվալից գնահատական ընկալվի հենց այդ տեսանկյունից, ապա դա ոչ այլ ինչ է, քան անտեղի կասկածամտություն: Կարծում եմ, դա Նոր Հայաստանին հարիր մոտեցում չի: Եվ ամենակարևորը՝ դրանով մեծ ծառայություն չի մատուցվում ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը»:
[b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
860 դիտում
10:43 14-05-2022
Նորի՞ց՝ սեփական կետից․ պարզ չէ, թե հանուն ինչի․ «Առավոտ»
1785 դիտում
13:57 14-12-2015
Իսպանիայի Պրիմերա. «Ատլետիկոն» հասավ «Բարսելոնային», իսկ «Ռեալը» նորի տապալվեց. տեսանյութ
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»