2777 դիտում
22:27 28-02-2019
ՀՀ կենտրոնական բանկին 2018-ին հաջողվել է խարսխել գնաճային սպասումները և չեզոքացնել գնաճային միջավայրի վրա ազդող մի շարք ճնշումներ
ՀՀ կենտրոնական բանկը վարել է 2018 թվականին արդյունավետ դրամավարկային քաղաքականություն. հաջողվել է խարսխել գնաճային սպասումները և չեզոքացնել գնաճային միջավայրի վրա ազդող մի շարք ճնշումներ: Արդյունքում՝ 12-ամսյա բնականոն գնաճը տարվա ընթացքում տատանվել է միջին հաշվով 3.8% մակարդակի շուրջ՝ տարեվերջին կազմելով 2.6%, իսկ 12-ամսյա ընդհանուր գնաճը դեկտեմբերի վերջին կազմել է 1.8%: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2018թ. ծրագրի կատարման հաշվետվությունում։
Անդրադասռնալով դրամավարկային քաղաքականությանը, հաշվետվության հեղինակներն ընդգծել են, որ ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ 2017 թ. վերջին 12-ամսյա գնաճի ձևավորված ցածր՝ 2.6% մակարդակի պարագայում գնաճային միջավայրը 2018 թվականի ընթացքում աստիճանաբար կընդլայնվի, ինչին հիմնականում նպաստելու էին համաշխարհային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցությունները, ինչպես նաև ԿԲ-ի կողմից իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականության ներքո պահանջարկի աշխուժացումը: Գնահատվում էր նաև, որ 2018 թվականի սկզբին մաքսատուրքերի և ակցիզային հարկի դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունները կարճաժամկետ հատվածում առանձին ապրանքատեսակների վրա կունենան սահմանափակ գնաճային ազդեցություն, իսկ 2017թ. վերջին մի շարք ապրանքների թանկացման հետևանքով ձևավորված լրացուցիչ գնաճային սպասումները կկրեն ժամանակավոր բնույթ և կսկսեն մարել 2018 թվականի սկզբից: Նշված ծրագրի ներքո նախատեսվում էր դեռևս պահպանել դրամավարկային քաղաքականության խթանող դիրքը՝ պահանջարկի տևականությունն ապահովելու նպատակով, իսկ տարվա ընթացքում, գնաճի վերականգնմանը զուգահեռ, դրամավարկային խթանող միջավայրն աստիճանաբար չեզոքացնել՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունության նպատակը:
Փաստացի զարգացումները ցույց են տվել, որ սպասվող ռիսկերը տարեսկզբին դրսևորվել են, իսկ նախորդ տարվա ընթացքում դիտված համեմատաբար բարձր պահանջարկը կրում էր ժամանակավոր բնույթ և արդեն տարվա սկզբին որոշակիորեն դանդաղեց, ինչը հետագայում խորացավ նաև Կառավարության կողմից իրականացվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության և արտաքին աշխարհում գնաճային միջավայրի զգալի թուլացման ազդեցությամբ: Ընդ որում՝ վերոնշյալ զարգացումներն արտացոլվել են ինչպես բնականոն գնաճի, այնպես էլ ընդհանուր գնաճի տարեկան վարքագծում:
[img]https://st0.shamshyan.com/editor/005026500155136987771788.png[/img]
Հիմնվելով մակրոտնտեսական փաստացի զարգացումների և թուլացող պահանջարկի վրա, ինչպես նաև հաշվի առնելով արտաքին ու ներքին տնտեսություններից ակնկալվող ոչ գնաճային ազդեցությունները՝ 2018 թ. ընթացքում ԿԲ-ն պահպանել է խթանող դրամավարկային քաղաքականության պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող 6% մակարդակը: ԿԲ-ն գնահատում էր, որ դրամավարկային նման քաղաքականությունը բավարար խթանող է (նաև` քանի որ աշխարհի առաջատար երկրների ԿԲ-ները տարվա ընթացքում խստացրել են դրամավարկային պայմանները) և նպաստում է կանխատեսվող հորիզոնում ներքին պահանջարկի աճին և գնաճի՝ իր նպատակային ցուցանիշի շուրջ կայունանալուն:
Միաժամանակ, երկրորդ կիսամյակում գերակշռում էին գնաճի ծրագրված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին (սպասվածից ցածր գնաճային միջավայրի ձևավորում և թույլ պահանջարկ) և թե՛ ներքին (սպասվածից թույլ ներքին պահանջարկ՝ պայմանավորված առավել զսպողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ) գործոններով: Դրսևորված ռիսկերի ներքո գնաճային միջավայրը զգալիորեն մեղմվել է, որի պարագայում ԿԲ-ն, հետամուտ լինելով միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործմանը, պահպանել է խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման պայմանները և աստիճանաբար ավելացնելով խթանման հորիզոնը:
Հաշվետվությունում գնաճի առնչությամբ նշվել է, որ 2018 թվականն ընդհանուր առմամբ բնութագրվել է ցածր գնաճային միջավայրով: Տարեսկզբին 12-ամսյա գնաճը կազմել է 2.9%, այնուհետև, որոշակի ավելացումից հետո, երրորդ եռամսյակից սկսել է նվազել՝ տարեվերջին կազմելով 1.8%, ընդ որում՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային ապրանքների (ներառյալ՝ ալկոհոլային խմիչք և ծխախոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճը համապատասխանաբար կազմել է 1.8%, 3.2% և 0.8%:
Սննդամթերք և ոչ ալկոհոլային ապրանքների գների աճը հիմնականում պայմանավորվել է «Մսամթերք», «Միրգ», «Յուղեր և ճարպեր», «Ծխախոտ» ապրանքախմբերի գների՝ համապատասխանաբար 8.2%, 10%, 3.1% և 7.9% աճով (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ շուրջ 1.3 տոկոսային կետ): Փատաթղթի հեղինակլն երը հարկ են համարել նշել, որ պարենային մի շարք ապրանքների՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակից դիտված առաջարկի դրական շոկի ազդեցությունները տարվա ընթացքում որոշակիորեն մարել են:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 12-ամսյա ցուցանիշի բարձր աճը վառելիքի և դեղագործական ապրանքների գների, համապատասխանաբար, 10.1% և 3.4% աճի արդյունք է (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ 0.6 տոկոսային կետ):
Ծառայությունների սակագների աճը պայմանավորվել է բնակարանային կոմունալ, օդային տրանսպորտի, կրթության, ինչպես նաև ռեստորաններ և հյուրանոցային ծառայությունների սակագների, համապատասխանաբար, 0.3%, 3.9%, 2.4% և 2.8% աճով (ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին՝ մոտ 0.2 տոկոսային կետ):
Նաև նշվել է, որ գրեթե բոլոր ապրանքախմբերում նկատվել է կանխատեսվածի համեմատ ավելի մեղմ գնաճ՝ վկայելով թույլ պահանջարկի մասին: Վերոնշյալ զարգացումների պարագայում 12-ամսյա բնականոն գնաճի՝ տարեսկզբի 5.3% ցուցանիշը տարվա ընթացքում սահուն նվազել է և դեկտեմբերին կազմել 2.6%:
[img]https://st0.shamshyan.com/editor/0722492001551369898666049.png[/img]
Գնաճի վարքագիծը հիմնականում համահունչ է եղել պահանջարկի զարգացումներին, չնայած, կրել է նաև առաջարկի որոշակի ազդեցություններ՝ հիմնականում պայմանավորված ակցիզային հարկի և մաքսային դրույքաչափերի փոփոխություններով և մասամբ՝ պահպանվող առաջարկի դրական շոկի ազդեցությամբ, ներմուծված ապրանքների գների նվազումներով և սեզոնային գների տատանումներով: Գնաճի վրա ազդեցություն են ունեցել նաև ներքին շուկայում որոշ ապրանքների մասով մրցակցային միջավայրի փոփոխությունները։
[img]https://st0.shamshyan.com/editor/0055073001551369916677875.png[/img]
Նմանատիպ նյութեր
2648 դիտում
13:48 16-12-2016
ԵԽ-ն չունի Սիրիայում իրադարձությունների վրա ազդող լծակներ. Դոնալդ Տուսկ
6524 դիտում
10:13 06-12-2014
Կանխել սպեկուլացիոն դեպքերը. ՀՀ վարչապետի կոչը՝ Կենտրոնական բանկին. News.am
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»