211652_close_icon
views-count1487 դիտում article-date 14:29 01-03-2019

ԼՀԿ պատգամավորն առաջարկում է անվճար վերականգնել զինծառայության ընթացքում առողջության վատթարացում ունեցած անձանց առողջական վիճակը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: «Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո»,-այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում, ապա շարունակել. «Եթե եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում և պատճառով, ապա պետությունը պարտավորվում է ապահովել անձի առողջության առաջնահերթ և անվճար վերականգնումը։ Այս նախաձեռնությամբ լուծվում են մի քանի կարևոր խնդիրներ՝ - անձի ազատում ոչ իր մեղքով, զինվորական ծառայության ընթացքում և պատճառով իր առողջության վատթարացման հետևանքների վերացմանն ուղղված ֆինանսական ծախսերից, - զինվորական ծառայության ընթացքում և պատճառով առաջացած առողջության վատթարացման պատճառահետևանքային կապի որոշակիացում, - զինվորական ծառայության անցնելիս պարտադիր բժշկական հետազոտության և դրա եզրակացության որակի բարձրացում, - վեճերի լուծման վարչական և դատական ռեսուրսների խնայում, - զինված ուժերի և պետության նկատմամբ հասարակության վստահության բարձրացում։ Ավելի մանրամասն այստեղ: Հուսով եմ՝ քաղաքական մեծամասնությունն այս խնդրի լուծման հարցում համակարծիք կլինի մեզ հետ»,-եզրափակել է Տարոն Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր