1503 դիտում
21:48 05-03-2019
Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Այսօր՝ մարտի 5-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համաժողովների գլխավոր սրահում տեղի ունեցավ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և պաշտոնատար այլ անձինք:
Ողջույնի իր խոսքում Նատալյա Վուտովան նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների համալիր իրականացմանը: Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը կարևորեց, որ դատական իշխանության չափորոշիչները համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան իր հերթին նկատեց, որ այսօր Հայաստանում կա քաղաքական հաստատակամություն՝ փորձելու բարելավել արդարադատության ոլորտը:
Իր խոսքում ողջունելով ծրագրի մեկնարկը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է այն վերջնարդյունքներով, որն ակնկալում են ստանալ բարեփոխումների ճանապարհով: Այդ վերջնարդյունքը Հայաստանի Հանրապետությունում, առավելապես այսօր, անկախ, անաչառ և արդյունավետ դատական իշխանություն, այլ ոչ թե համակարգ ունենալն է: Ավելին, այդ դատական իշխանությունը իշխանությունների բաժանման համակարգում պետք է ունենա ոչ միայն իր գործառույթը, այլև հակակշռող և զսպող լիազորությունները:
Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ այդպիսի իշխանություն ձևավորելու համար արդարադատությանն առնչվող բոլոր ինստիտուտները պետք է կարողանան գործակցաբար իրենց ներդրումն ունենալ խնդիրների լուծման հարցում:
Դատական իշխանության խնդիրների, դատարանների գերծանրաբեռնվածության բեռնաթափման, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության ռազմավարական ծրագրերի առանձին շեշտադրումների մասին Գագիկ Հարությունյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի հետ խոսեց օրվա երկրորդ կեսին՝ Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած ընդունելության ժամանակ:
Գագիկ Հարությունյանը նախ ներկայացրեց Խորհրդի մեկամյա գործունեության ձեռքբերումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Նա նշեց, որ Խորհրդի կողմից մշակված համապարփակ վերլուծության մեջ առաջադրվել են ռազմավարական բնույթի հստակ խնդիրներ, որոնք կկարողանան այս համակարգում ապահովել անկախ, անաչառ, արդյունավետ արդարադատություն: Առկա խնդիրները բաժանվել են ըստ կարևորության երեք առանձին կատեգորիաների՝ անհետաձգելի, միջնաժամկետ, ռազմավարական, որոնց ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ դատական օրենսգրքում կան իրավունքի որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց և հակասական կարգավորումներ: Անհրաժեշտ է նաև մշակել օրենքի դոկտրինալ մեկնաբանությունների ժողովածու, որն օգտակար կլինի հատկապես դատավորների ամենօրյա աշխատանքում:
Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Բարձրագույն դատական խորհրդին՝ նախանշված խնդիրների լուծման հարցում:
[b]
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2508 դիտում
19:28 20-10-2016
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
2595 դիտում
21:47 21-10-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին