1878 դիտում
23:41 05-03-2019
Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում, տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն օծվեց Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ:
Միջոցառմանը մասնակցեցին ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը, հասարակական և մշակութային գործիչներ, բրիտանահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ:
Օծման արարողությանը հաջորդած ընդունելության ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը կարևորեց Մեծ Բրիտանիայի հոգևոր կենտրոնում, ինչպես նաև Անգլիայի տարածքում առաջին հայկական խաչքարի տեղադրումը՝ նկատելով, որ այն հանդիսանում է խաղաղության, հաշտեցման և հույսի խորհրդանիշ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրոկոսյանը՝ նշելով, որ հայկական միջնադարյան մշակույթը խորհրդանշող խաչքարն այսուհետ դառնալու է Քենթերբերիի ավելի քան 1400-ամյա հարուստ պատմության մասնիկը: Դեսպանն ընդգծեց, որ խաչքարը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արման Կիրակոսյանը երախտագիտությամբ հիշատակեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին, ում ջանքերի շնորհիվ հավաքագրվել ու հրապարակվել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բրիտանական նյութերը, ինչպես նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի Առաջին հանրապետությանը: Ըստ դեսպան Կիրակոսյանի՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին համարժեք կերպով չի ճանաչվել ու դատապարտվել, ինչը ճանապարհ բացեց ապագա բռնապետերի և մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործման համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները: «Այս առումով «Այլևս երբեք» կարգախոսը մարտահրավեր է ազգերին և մեզ բոլորիս, քանի որ դառը ճշմարտությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ աշխարհն ի զորու չի եղել կանխել անմեղ մարդկանց համընդհանուր կոտորածները»,- նշեց դեսպանը: Նա ընդգծեց Հայաստանի հանձնառությունն ու վճռականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին:
Միջոցառման մասնակիցները նաև հարգանքի տուրք մատուցեցին Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին՝ ծաղկեպսակ զետեղելով նրա շիրիմին:
Տեղեկանք. Ջոն Միրդոնի և Վարդան Մոսկոֆյանի կողմից պատրաստված և Քենթերբերիի տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն առաջին հայկական խաչքարն է Անգլիայի տարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1372 դիտում
18:13 13-11-2015
Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
1569 դիտում
13:55 21-04-2022
Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»