211652_close_icon
views-count2493 դիտում article-date 22:10 05-03-2019

Սա մեր ճգնաժամային արձագանքման կարողությունների հզորացման լրջագույն համալրում է. Ֆելիքս Ցոլակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 10 միավոր ճապոնական “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջացառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև փոխհարաբերություններում մշտապես գրանցվել է առաջընթաց: Համագործակցության կարևոր ուղղություններից է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի կողմից իրականացված «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» այս ծրագիրը, որի շրջանակներում ԱԻ նախարարությանը տրամադրված 10-ը արագ արձագանքման մեքենաներն այսօրվանից կհամալրեն նախարարության նեղ մասնագիտական ավտոպարկը: Ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում սպասվում է նաև հրշեջ-փրկարարական մեքենաների հերթական խմբաքանակը՝ 36 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և 1 արհեստանոց, որով տեխնիկապես կվերազինվեն Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և Ճապոնիայի կառավարությանը արդյունավետ համագործակցության և անհրաժեշտ ու նպատակային աջակցության համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում նշեց. «Սա մեր ճգնաժամային արձագանքման կարողությունների հզորացման լրջագույն համալրում է, որը հնարավորություն կտա քաղաքային պայմաններում դեպք-պատահարների ժամանակ իրականացնել օպերատիվ, համակարգված և թիրախային արագ արձագանքում, արդյունավետ ճգնաժամային կառավարում»: Ըստ դեսպան Ջուն Յամադայի՝ 1991 թվականից Ճապոնիան ձգտում է նպաստել տարբեր ոլորտներում Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը՝ տեխնիկական համագործակցության, դրամաշնորհային օժանդակության և վարկային ծրագրերի միջոցով: «Հավատացած եմ, որ նման փոխգործակցությունը, որը երկու երկրների կողմից ուղղված է աղետների նկատմամբ տոկուն հասարակության կերտմանը, հետագայում էլ ավելի կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը՝ ոչ միայն կառավարական, այլև մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման տեսակյունից»,- նշեց Ջուն Յամադան: Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն և Ջուն Յամադան մանրամասն ծանոթացան տրամադրվելիք տեխնիկային և օժանդակ սարքավորումներին: *** ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016 թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար: Ծրագրին մասնակցության համար հայտ էր ներկայացրել 9 գերատեսչություն, սակայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես գույքի վերջնական օգտագործող է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ըստ համաձայնագրի՝ դրամաշնորհն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) կողմից, որը հանդես է եկել որպես Գործակալ: Բանակցություների արդյունքում որոշվել է, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը կտրամադրվի 10 “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենա: Այդ մեքենաները քաղաքային պայմաններում կիրառության ավելի արդյունավետություն ունեն՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Վերոնշյալ մեքենաները համալրված են հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով, թվային կապի միջոցներով, պահեստամասերով և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր