211652_close_icon
views-count12374 դիտում article-date 23:21 07-03-2019

«Արդեն չափն անցար»․ հերթական նիստը՝ սփյուռքահայ բարերարի ունեցվածքը հափշտակելու գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սփյուռքահայ բարերարի և իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով Վերաքննիչ դատարանում այսօր կայացավ դատական երկրորդ նիստը։ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, հակակոռուպցիոն բլոգի հեղինակ Մարինա Պողոսյանի և կանադահայ բարերար Արփի Մերասի միջև պայքարը սկսվել է 2016 թվականին: Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպան Հրանտ Անանյանը շեշտում էր այն հանգամանքը, որ Մարիա Պողոսյանը չի ունեցել վաճառելու լիազորություն և փաստացի վաճառել է ոչ միայն տունը, այլև առկա շարժական գույքերը, իսկ գոյացած գումարը՝ վաճառքից ստացած 57.820.000 ՀՀ դրամի համարժեք 140.000 ԱՄՆ դոլարը, օգտագործել է իր անձնական ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով` Մերասին ոչինչ չփոխանցելով։ Բացի դրանից՝ Մերասն ամբողջ ընթացքում տեղյակ չի եղել իր բնակարանի վաճառքի մասին։ Վաճառքի մասին իմացել է մտերիմներից՝ արվեստագետներ Արմեն Խանդիկյանից և Արթուր Ութմազյանից։ Դատական նիստի ընթացքում իրավապաշտպան Հրանտ Անանյանը կետ առ կետ ներկայացրեց իր բողոքը։ Հրանտ Անանյանը նշեց, որ Արփի Մերասը միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել և օգնել է Մարիա Պողոսյանի ընտանիքին, իսկ վերջինս չի ձեռնարկել ոչ մի միջոց՝ տուժողին պատճառած վնասը վերականգնելու ուղղությամբ, ավելին՝ այս ամենն անվանել է բանսարկություն։ Խախտելով դատական նիստի ընթացքը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի ու ներկաների նկատմամբ՝ Մարինա Պողոսյանը ընդհատեց Հրանտ Անանյանին՝ նրան անվանելով սրիկա, որ անցնում է չափը և իրավունք չունի խոսելու իր ընտանիքի մասին։ Կարգի հրավիրելով մեղադրյալին՝ դատարանը թույլ տվեց Անանյանին շարունակել խոսքը, ինչից հետո դատական նիստը որոշվեց հետաձգել։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 11։00-ին։ Հիշեցնենք, որ Արփի Մերասի և Մարինա Պողոսյանի միջև բարիդրացիական հարաբերությունները, որ ձևավորվել էին դեռևս 70-ականներին, ավարտվեցին, երբ Մարինա Պողոսյանը, չարաշահելով Արփի Մերասի վստահությունը, վաճառեց իրեն լիազորագրով վստահված բնակարանը, դրանում առկա շարժական գույքը և գրպանեց գումարը: 2018 թվականի մայիսին գործն ունեցավ թվացյալ հանգուցալուծում, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հանցակազմի բացակայության հիմքով արդարացրեց Մարինա Պողոսյանին։ Ըստ դատարանի՝ գործում առկա ապացույցները չէին բավարարում առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում կատարած լինելու մեղադրանքը։ Տարիների ընթացքում Մարինա Պողոսյանը, ընկերանալով Արփի Մերասի հետ, իր անունով ձևակերպել է ընդհանուր լիազորագրեր՝ Արփի Մերասի՝ երկրից բացակայության ժամանակ գործարքներ կատարելու համար։ Նշենք նաև, որ վերջին լիազորագրով Մարինա Պողոսյանը երեք տարի ժամկետով լիազորություններ ուներ Մերասի անունից բնակարանը վաճառելու, գրավադրելու, վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու և բնակարանի պահպանման և շահագործման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառամարման մարմիններերում, ոչ պետական կազմակերպություններում Մերասի անունից հանդես գալու։ Չեն եղել նվիրելու կամ օտարելու վերաբերյալ լիազորություններ, ինչպես նաև օտարումից գոյացած գումարի և տանն առկա շարժական գույքերի տնօրինման վերաբերյալ։ Վերաքննիչ քրեական դատարան է դիմել Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպան Հրանտ Անանյանը՝ պահանջելով բեկանել, փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Մարինա Պողոսյանին արդարացնելու մասին և նրան դատապարտել ազատազրկման 7 տարի ժամանակով: Նիստից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Արփի Մերասի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնեց, որ քրեական գործում կան անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մարինա Պողոսյանը խաբեությամբ է տիրացել Արփի Մերասի գույքին։ «Հարուցված գործի ընթացքում Արփի Մերասը հանդիպել է Մարինա Պողոսյանի հետ և դատարանի թույլտվությամբ զրույցը ձայնագրվել է: Զրույցի ընթացքում Մարինա Պողոսյանն, ըստ էության, ընդունել է, որ առանց Արփի Մերասին տեղյակ պահելու վաճառել է նրա բնակարանը և ապօրինաբար յուրացրել է իր վստահությանը հանձված բնակարանի գումարը և դրանում առկա շարժական գույքերը։ Մարինա Պողոսյանը Արփի Մերասին խոստացել է ետ գնել բնակարանը և վերադարձնել նրան։ Այդ խոստումից անցել է 3.5 տարի»,- ասաց փաստաբանը։ Ստորև տեսագրությունները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր