211652_close_icon
views-count11253 դիտում article-date 17:03 25-03-2019

Ես Մհեր Արշակյանն եմ…vnews.am

Երբ ես 18 տարեկան էի… երազներ չէի տեսնում, ես դրանք կարդում էի… Իսկ հիմա… ես մի տարիքում եմ, երբ կգերադասեի սրբագրել ուրիշների երազները… Երբեմն մարդ պետք է դուրս հանի իր ներսի դեւին… մաքուր օդի… Դևերը վախենալու են երբեմն, իսկ երբեմն… վախենալուն դեւ չլինելն է… Ամեն դեպքում ներքին պատերազմներն… ավելորդ զոհեր չեն ունենում… Ես որոշել էի այլևս… «այլեւս»-ով որոշումները սազում են միայն մահամերձներին… Իմ միջի մշտարթունը… մի մարդ է, որը պարզապես հանգիստ խիղճ չունի քնելու համար… Լինում են օրեր, երբ ներսումս ամեն բան այնքան խաղաղ է, որ նույնիսկ … ապրելն է ավելորդ… Խաղաղություններ կան, որոնք ձեռք են բերվում … միայն տակից … Իսկ կան այնպիսինները, որոնց… անձնատուր ես լինում, միայն թե շուտ ավարտվի այդ խաղաղությունը… Ուստի արդեն տաս տարի, արդեն հարյուր տաս տարի… երեկ, այսօր եւ վաղը մարդը լինելու է Տիեզերքի կամ Աստծո փոխզիջումը չծնվելու եւ չլինելու միջեւ… Իմ միջի Բուդդան… ես չեմ… Սոցցանցերում կարող ես ասել այն… ինչ կարելի է նույնիսկ սոցցանցերում չասել… Ու ակտիվությունը մարդկանց, դեմքերը շինծու, խոսքերը սարքած ու անկեղծ… մարդուն կարելի է չհասկանալ, ատել, բայց չմոռանալ, որ նա նախ իր հացի խնդիրն է: Բայց վայ այն մարդուն, որը նաեւ ի վերջո իր հացի խնդիրն է: Երբ սոցցանցերում գրում ես քիչ–քիչ, կորում են մտքերն այն, որ կարող էին դառնալ…. Եթե անկեղծ՝ մեկ հոգին ստեղծեց սոցցանցերը, մնացածին սոցցանցերն իրենք ստեղծեցին: Այնպես որ, երբեմն սոցցանցերում կարելի է կարդալ նույնիսկ… չգրվածը: Թեպետ … մարդն ինքն էլ սոցցանց է մի տարբերությամբ՝ հաճույք է ստանում նույնիսկ ինքն իրեն լայքելուց… Իմ միջի գրողը… ավելի հաճախ հենց գրողի ծոցն է… Այսօրվա Հայաստանում տեղի ունեցող ամեն բան կարող է դառնալ մեծ գրականություն, գրականություն, վեպ, պոեզիա, որը դեռ … եթե լավ գրականությունը չի ստեղծում օրվա Հայաստան, օրվա Հայաստանը կմնա խցանված լավ գրականության սպասումների մեջ… Լավ կինո կամ լավ վեպ ստեղծելու համար… անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկն արդեն նկարած լինի լավ կինոն եւ գրած լինի լավ վեպը… Իսկ աշխարհը կարող է տեսնել ու ճանաչել … իրեն, երբ դեռեւս չէր տեսել մեզ… Իմ միջի հայը … երբեմն ազգություն է փնտրում… Երևանն ինձ անվերջ պատմում է ու երգում այն մասին… որ ինքը ձայն ու слух չունի… Իսկ ես Երևանին… նույնը… Կգա մի օր, երբ էն մյուս հայտնի Մհերը դուրս կգա քարայրից իր, ու այս Մհերն այդժամ … կիմանա, թե իրենցից ով էր իրականում քարայրում… Բայց այդուհանդերձ սերն է, սերն է մեզ առաջ տանում… դեպի ապրելու հակառակ ուղղությամբ… Իսկ ես սիրո հարցում… երբեք այնտեղ չեմ եղել, որտեղ ինձ սիրում են… Կարծում եմ՝ կանայք… այս հարցում չէի ցանկանա ազնիվ լինել: Անազնիվ, առավելեւս… Իսկ տղամարդիկ… միշտ նույնն են միշտ ուրիշ կանանց առաջ… Բայց այդուհանդերձ… եւ կինը, եւ տղամարդը հաճախ սիրողական սիրահարներ են այնքան ժամանակ, մինչեւ վաստակում են… առաջին սիրո իրավունքը… Երբ մեծանում ես, ժամանակն ու տարածությունը… փոքրանում են այնքան, մինչեւ դառնում են գերեզմանատեղ… Իսկ կյանքի փորձ կոչվածն իրականում… քո ներսում կուտակվող այն ժանգն է, որն ինչ-որ մեկին պետք է գալիս որպես ոսկու ձուլակտոր… Ես հաճախ եմ փորձել լինել ավելի… չէ, երբեք չեմ փորձել լինել ավելի: Ի վերջո կյանքը սիրած աղջիկ չէ, որին պետք է հաճոյանալ: Ես հաճախ փորձել եմ լինել ի հեճուկս սիրո: Ես լինելու եւ սիրելու ընտրությունն եմ… Բայց հասկացել եմ, որ ռոմանտիկ, երազկոտ ու մտածող էությունը կյանքի հակառակ կողմն է: Հաճախ կյանքը պատրաստ չէ այդպիսի էությանը: Թեպետ իր ընդհատ հմայքի համար երբեմն այդպիսի էությանն է պարտական: Իմ միջի մտածողը հաճախ իրավացի է, երբ բոլոր սխալներն արդեն արել եմ… Իմ կյանքը նման է մի ամփոփ պարտության, որտեղ առանձին վերցրած բոլոր դրվագների տակ ստորագրում եմ… Իսկ ես, գիտեք, այնքան էլ լավ չեմ կարողանում… ապրել… Ու կուզեի, մարդիկ էլ երբեք չհարցնեն ինձ… թե կա՞ մի բան, որի մասին երբեք չեմ խոսի… Բայցևայնպես… մի օր գուցե ասեմ… Ես Մհեր Արշակյանն եմ… եւ ինձ թվում է, թե ես ինչ-որ մեկի վատ պատմած երազն եմ… Աղբյուրը՝ [url=https://www.vnews.am/culture/es-mher-arshakyann-em/?fbclid=IwAR1kcfD97oM6UzJHINsVN3AIf25TVEClycjNrdGjDtHnAGFxvS7PzaGkGlw]Vnews.am[/url]

Նմանատիպ նյութեր