211652_close_icon
views-count1797 դիտում article-date 20:03 26-03-2019

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփել է 2018թ-ի գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Մարտի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2018թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Խաչիկյանի, Սերգեյ Հաբարձումյանի, Միսակ Դավթյանի, թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի հիշատակը: 2018թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «2018 թվականը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի: ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպմամբ Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների գիտնականների երկրորդ ֆորումը, որի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ երկրներում գիտության զարգացման խնդիրները: Գիտնականների ֆորումի օրերին ԳԱԱ-ում տեղի ունեցավ նախկին Խորհրդային Միության Արևելյան Եվրոպայի և ասիական մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների ընկերակցության նիստը: 2018թ. հանրապետության գիտական հանրությունը նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում համակարգի կազմակերպություններն անցկացրեցին գիտական բնույթի բազմաթիվ միջոցառումներ: Ակադեմիայի հոբելյանական միջոցառումները մեծ արձագանք ստացան միջազգային գիտական հանրության կողմից: Ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստին ALLEA-ի (եվրոպական 58 ակադեմիաների ընկերակցության) փոխնախագահ պրոֆեսոր Քեյ Գրահամն իր ելույթում նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն արժանի է կոչվել ALLEA-ում ճանաչված և բարձրարժեք ակադեմիաներից մեկը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ 2018 թվականին գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների գիտական բարձր մակարդակը: Այդ են վկայում արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակված աշխատանքները՝ 953 գիտական հոդված և 22 մենագրություն: Ռադիկ Մարտիրոսյանը թվարկեց ՀՀ ԳԱԱ-ի կարևորագույն գիտական արդյունքները, այդ թվում կիրառական նշանակության գիտական աշխատանքները: Անդրադառնալով ՀՀ ԳԱԱ-ի միջազգային համագործակցությանը` Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Հաշվետու տարում կնքվել և վերակնքվել են մի շարք պայմանագրեր, հուշագրեր և համաձայնագրեր: Պեկինում (Չինաստան) տեղի է ունեցել Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO) ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամ¬բլեան, որի ընթացքում դաշինքի համահիմնադիրները ստորագրել են ՄԳԿԴ-ի ստեղծման համաձայնագիր, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համահիմնադիր է դարձել նաև ՀՀ ԳԱԱ-ն: ՀՀ ԳԱԱ-ի և Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի միջև ստորագրվել է գիտատեխնիկական համագործակցության զարգացման նոր համաձայնագիր: Համագործակցությունն ամրապնդելու և շարունակականությունն ապահովելու հա¬մար 2018թ-ին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ԳԱԱ-ն և Ֆրանսիայի Թուլուզի դաշնային, Պոլ Սաբատիեի անվան Թուլուզ III համալսարաններն ու Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը համաձայնության արձանագրություն են ստորագրել ֆրանսիական ԲՈՒՀ-երի կողմից ԳԱԱ-ին նվիրաբերվող գերհամակարգչի վերաբերյալ: Նախատեսվում է Հայաստանում ստեղծել բարձր արտադրողականությամբ հաշվարկների կենտրոն, հնարավորություն ստեղծել հայ օգտագործողների համար` օգտվելու Թուլուզի համալսարանների զանազան հաստատությունների` բարձր արտադրո¬ղականությամբ հաշվարկների փորձից: ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ճարտարագիտության ակադեմիայի միջև ստորագրվել է հուշագիր ճարտարագիտության և տեխնիկական գիտությունների ոլորտներում համագործակ¬ցության մասին: ՀՀ ԳԱԱ-ի և Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի միջև ստորագրվել է հա¬մագործակցության համաձայնագիր: Միջպետական և միջգերատեսչական համագործակցություններից են տնտեսական միջ¬¬կառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող հայ-լիտվական, հայ-լատ¬վիական, հայ-թուրքմենական, հայ-հնդկական, հայ-չեխական, հայ-չինական, հայ-եգիպ¬տա¬կան, հայ-տաջիկական համա¬գոր¬ծակցությունները: Հայ-ռուսական տնտեսական միջ¬կառա¬վարական համագործակ¬ցութ¬յան շրջանակներում շարունակվել է Բյուրականի աստ¬ղա¬ֆի¬զի¬կական աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոսի» հետ տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակ¬ներով օգտագործման ասպարեզում համագործակցությունը»: Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ ուշադրություն դարձրեց միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությանը: «ԳԱԱ-ն ապահովում է երիտասարդ գիտնականների մաս¬նակցությունը գիտության տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային հանդի¬պումներին և միջոցառումներին: ԳԱԱ-ն շարունակում է իրականացնել տարբեր միջազգային գիտական ծրագրեր, այդ թվում` Միջ¬ազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC), Եվրոպական VII շրջանակային (FP7), Հորիզոն 2020, համալսարանական կրթության ՏԵՄՊՈՒՍ, Սևծովյան տնտեսական համագործակցության (BSEC) և այլն: ԳԱԱ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են նաև ԱՄՆ ծրագրերին` Քաղա¬քա¬ցիական հետազոտությունների և մշակումների (CRDF Global), ՆԱՏՕ-ի (NATO), և այլ եվրոպական ծրագրերին: Ընդհանուր առմամբ հաշվետու տարում համակարգի կառույցների՝ 42 միջազգային տարբեր ծրագրերով կատարված աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 665 միլիոն դրամ»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ-ն ակտիվորեն աշխատում է արտասահմանյան անդամների հետ հատկապես մաս¬նագետների պատրաստման, համատեղ գիտական աշխատությունների հրատարակման, գիտական փորձաքննությունների անցկացման գործում: Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև սոցիալական հարցերին: Նա նշեց, որ համակարգի աշխատողների միջին ամսական աշխատավարձը բյուջետային մուտքերից, որի մեջ հաշվի են առնված բոլոր տիպի մուտքերը, կազմել է 100 հազար դրամ: Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ցուցաբերել ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը»: Ռադիկ մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այս տարի կսկսվի բնակելի նոր շենքի շինարարությունը, որի սկիզբն անընդհատ երկարաձգվել է տարբեր պատճառներով: «Սոցիալական բնույթի խնդիրներից է աշխատանքային պայմանների բարելավման հարցը: Կարևոր է համակարգի անշարժ գույքի շահագործման և պահպանման հարցը: Նորից ուզում եմ հիշեցնել, որ ամբողջ անշարժ գույքը գտնվում է Պետական գույքի վարչության հաշվեկշռում, սակայն նշված ծախսերի համար ոչ մի դրամ չի հատկացվում: Ոչ մի աջակցություն ինստիտուտները չեն ստացել նույնիսկ բնական աղետների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակների դեպքում: ԳԱԱ համակարգի գիտական հենքը կապված է ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների հետ, որոնք գտնվում են վատթար վիճակում, իսկ դրանց արդիականացումը կապված է լրացուցիչ, մեծածավալ ֆինանսական ներդրումների հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ 2012-2016 թվականների համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման վերաբերյալ կատարվել են քննարկումներ և կազմվել է միջոցառումների պլան: ՀՀ ԳԱԱ համակարգում տեղի է ունեցել 2016թ. համեմատությամբ ընդհանուր համակարգի աշխատակիցների թվի նվազեցում մինչև 456-ի, իսկ գիտական աշխատակիցների թվի նվազեցում՝ մինչև 340-ի: Կատարվել են ինստիտուտների կառուցվածքների բարելավումներ: Որոշ ինստիտուտներում երիտասարդ հեռանկարային գիտաշխատողների աշխատանքի խթանման և արդյունավետության բարձրացման համար ստեղծվել են աջակցության ֆոնդեր արտաբյուջետային միջոցների հաշվին: Գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2018թ. կազմել է 6 միլիարդ դրամ: Հատկացված ֆինանսավորման 70 տոկոսն աշխատավարձի բաժինն է: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 2,2 միլիարդ դրամ: Այն 200 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Արտաբյուջետային միջոցների 655 միլիոն դրամը համակարգի աշխատողները ստացել են մոտ 43 մեծ ու փոքր դրամաշնորհային ծրագրերից: Առ 01.01.2019թ. ԳԱԱ կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս, 56 թղթակից և 123 արտասահմանյան անդամներ: 22 ակադեմիկոս և 26 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս: Առ 01.01.2019թ. ԳԱԱ համակարգում աշխատում է 3585 մարդ, որոնցից 2206-ը գիտական աշխատողներ են` 326-ը գիտության դոկտորներ, 1029-ը գիտության թեկնա¬ծուներ, 851-ը գիտական աշխատողներ առանց գիտական աստիճանի: Հաշվետու տարում ԳԱԱ համակարգում աշխատանքի է ընդունվել 101 երի¬տա¬սարդ մասնագետ: ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասաց. «Երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից, ըստ էության, տեղի է ունենում այս բանավեճը, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, և ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, և ի՞նչ կարող են տալ նրանք ընդհանրապես իրար։ Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը: Մենք Հայաստանը տեսնում ենք, որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը»: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Առաջինը, որի վրա պետք է միասին աշխատենք, Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին օրենքի նախագիծն է: Արձանագրել ենք, որ հիմնականում գիտահետազոտությունը դուրս է համալսարանից, կամ բավարար մակարդակի չէ և դրա համար ունենք լուծումներ: Մեզ շատ հաճախ ասում են, որ առայժմ կրթության և գիտության զարգացման ռազմավարությունը չեք ներկայացնում: Մենք մեզ համար խնդիր ենք դրել դաշտի բոլոր խաղացողներին ճանաչել, որպեսզի ռազմավարությունն իրական կյանքի հետ առնչություն ունենա: Մենք շատ ենք ուզում, որ այն բոլոր փաստաթղթերը, որ մենք կներկայացնենք, լինեն կենսունակ: Գիտությունը նաև պետք է սպասարկի մեր տնտեսությունը, և այդ ուղղությամբ էլ պետք է աշխատանք տանենք: Սուպերկոմպյուտերի հետ կապված մենք քննարկումներ ունեցել ենք, երևի թե առաջիկա շաբաթ վերջնական լուծում կունենանք»: Տարեկան ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2018թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց «Հայ ժողովրդի գենետիկա» գիտական զեկուցումը: Ելույթներով հանդես եկան` ՀՀ ակադեմիկոսներ Գևորգ Պողոսյանը, Յուրի Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Պավել Ավետիսյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սերգեևը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը, Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: [b] ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր