211652_close_icon
views-count1592 դիտում article-date 18:48 29-03-2019

ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կփոփոխվի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպում-քննարկումը, որը վարել է նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի անդամներին հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ առջևում երկարատև և ծավալուն աշխատանք է սպասվում։ «Ես խնդրել եմ, որ շատ տարբեր կազմակերպություններ ներգրավվեն, որոնք ասելիք ունեն այս հարցում, որպեսզի հավաքվեք այս ձևաչափով, լսենք միմյանց և հասկանանք, թե կորպորատիվ կառավարման մշակույթը Հայաստանի մասնավոր հատվածում արմատավորելու ճանապարհին ինչ ձևով գնանք առաջ արդյունքներ ունենալու համար», - ասել է նախարարը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը մշակվել է դեռևս 2010 թվականին, տարիների ընթացքում երկրում փոփոխություններ են կատարվել, փոխվել է նաև գործարար միջավայրը և հիմա ճիշտ ժամանակն է կանոնագիրքը փոփոխելու։ Նախարարը հույս է հայտնել, որ հետևողական աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ նորացված և արդիական կորպորատիվ կառավարման կանոնագիրք։ Կորպորատիվ կառավարման մշակույթի կայացումը Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման և գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։ Կորպորատիվ կառավարման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը նշել է, որ ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը կորցրել է իր արդիականությունը, նրա վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ՏՀԶԿ) կորպորատիվ կանոնների փոփոխությամբ և հավելել, որ իրենք պատրաստ են օժանդակել կառավարությանը խնդրի վերաբերյալ օրակարգ ձևավորելու և ընթացիկ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու հարցում։ Այնուհետև, G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներին և կորպորատիվ կառավարման լավ գործելաոճին ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի համապատասխանության վերլուծության արդյունքների ներկայացումից հետո, հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել, ներկայացրել առաջարկություններ կանոնագրքի փոփոխության վերաբերյալ ընդհանուր տեսակետի ձևավորման և առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերանայման և փոփոխման աշխատանքներն իրականացվում են Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից իրականացվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողկանության կարգավորման բարեփոխումներ» ծրագրի օժանդակությամբ։ Աշխատանքային խմբում ներգրավված են պետական կառավարման մարմինների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր