211652_close_icon
views-count1768 դիտում article-date 11:35 30-03-2019

Բիզնեսը կանխատեսելիություն է սիրում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդկանց կյանքում կանխատեսելիությունը շատ կարևոր գործոն է: Օրինակ, երբ իմ բարեկամ Գագիկ Սուրենյանն ասում է, որ մոտակա հինգ օրերի ընթացքում անձրև է գալու, ես այդ ոչ այնքան ուրախ հեռանկարին պատրաստվում եմ ե՛ւ ֆիզիկապես (համապատասխան հագուստ եմ նախատեսում), ե՛ւ հոգեբանորեն (չեմ տրնտջում, չեմ սպասում, որ երկու ժամից կամ մեկ օրից արև է շողալու): Եվ հակառակը՝ ասենք, երբ 90-ականների առաջին կեսի ընթացքում լույսերն անջատում էին, բացարձակապես պարզ չէր, թե երբ են նորից տալու՝ դա կարող էր տևել մեկ ժամ կամ, ենթադրենք, ութ ժամ, ու մարդիկ, հատկապես տանտիկիններն անընդհատ լարվածություն մեջ էին, թե երբ են էլեկտրականություն ունենալու, որ արագ-արագ հասցնեն իրենց գործերը: Ի դեպ, եթե լույսերը տալիս էին ցերեկը, դրա մասին կարելի էր իմանալ բակի երեխաների միահամուռ «ուռա՜» բացականչությունից: Սրանք պարզ կենցաղային օրինակներ են, որոնք ներկայացնում են մեզնից յուրաքանչյուրի կենսափորձը: Բայց կանխատեսելիության գործոնն ավելի կարևոր է տնտեսության մեջ, բիզնեսում: Գործարարը պետք է պլանավորի իր գործունեությունը գոնե մեկ տարվա կտրվածքով՝ որքան ծախսեր է անելու, որքան օգուտներ է ակնկալում, և դա վերաբերվում է թե՛ մեծահարուստ օլիգարխին, և թե՛ սովորական կրպակատիրոջը: Ծրագիր կազմել հնարավոր չէ, մասնավորապես, հարկային օրենսգրքի մշտական փոփոխությունների պայմաններում, կամ երբ խոստացվում է ինչ-որ փոփոխություն, բայց չի իրականացվում, ձգձգվում է: Նույն միկրոբիզնեսին (պայմանակարեն ասած, կրպակատիրոջը), եթե որոշվել է հարկերից ազատել, ապա դրա մասին որոշումը պետք էր ընդունել հունվարի սկզբին, ոչ թե անորոշություն մեջ պահել առնվազն մինչև մարտի վերջը, և հիմա կրպակատերը վստահ չէ՝ արդյո՞ք վերջապես ընդունվող որոշումը հետադարձ ուժ կունենա, թե ոչ: Այս գործարարի անորոշ վիճակը մի քիչ նման է 90-ականներին «լույսի միացմանը» սպասելուն: Նույնքան վնասակար են տատանումները, «քայլ առաջ-քայլ հետը»՝ կբարձրանան փաստաբանական և խորհրդատվական գրասենյակների հարկերը-չեն բարձրանա, կավելացվի գազավորված քաղցր խմիչքների ակցիազային հարկը – չի ավելացվի: Դա նույնպես անվստահություն է առաջացնում՝ մյուս ոլորտների գործարարները վստահ չեն՝ վաղը նմանատիպ փոփոխություններն կձեռնարկվե՞ն իրենց մասով, թե ոչ: Էլ չեմ ասում հեղափոխականության և պոպուլիզմի դրսևորումների մասին, որոնք նույնպես կարող են անորոշություն ստեղծել: Օրինակ, Կարապի լճի շուրջ գտնվող սրճարանների տերերը կարող են կասկածել՝ արյդոք պե՞տք է ներդրումներ անել իրենց բիզնեսի մեջ, թե վաղը կամ մի քանի ամիս հետո կհայտարարվի, որ նրանք այդ սրճարանները սարքել են ժողովրդից թալանած թողերով, դրանք ապօրինի շինություններ են և ենթակա են քանդման»: Իսկ եթե սրճարան չէ, այլ ավելի խոշոր բիզնե՞ս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր