211652_close_icon
views-count1818 դիտում article-date 10:52 24-12-2019

Հայաստանում ֆուտբոլն այնքան չեն սիրում, որքան սիրում էին 1960-70-ական թվականներին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իմ մանկության և պատանեկության տարիներին ֆուտբոլ շատ էի սիրում: Երբ դեռ հեռուստացույց չունեինք, լսում էինք ֆուտբոլային ռեպորտաժները ռադիոյով: Հետո՝ արդեն հեռուստատեսային դարաշրջանում, բնականաբար, «Արարատի» «դրսի» ոչ բոլոր խաղերն էին հեռարձակվում հեռուստատեսությամբ, և մենք դարձյալ հետևում էինք խաղի երկրորդ խաղակեսին հանրապետական ռադիոյով, իսկ երբեմն՝ խաղի վերջին 20 րոպեին՝ «Մայակ» ռադիոկայանով: Երևանյան խաղերը «պոետիկ ոճով» ռադիոյով և հեռուստատեսությամբ մեկնաբանում էր Լևոն Դանիելյանը: Ստանում էինք «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը, որտեղ կարդում էինք «Արարատի» հերթական խաղի վերլուծությունը, իսկ ԽՍՀՄ առաջնության աղյուսակները կտրում էինք թերթից և այդ թղթերն ամրակով կպցնում էինք իրար՝ հետևելով մեր թիմի «շարժին»: Գնդակ էինք տշում հենց բակում (շենքի մուտքը որպես «դարպաս» էր ծառայում), ինչպես նաև մեր թաղամասում գտնվող բազմաթիվ տարբեր չափերի խաղադաշտերում: (Հիմա այդ դաշտերից ոչ մեկը չկա՝ ամեն տեղ ավտոտնակներ են): Մեր այն հասակակիցները, որոնք մասնակցում էին «Կաշվե գնդակի» մրցաշարերին, վայելում էին մեր մեծագույն հարգանքը: Ինչի՞ համար եմ այս ամենը պատմում: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ֆուտբոլը կարող է զարգանալ միայն համընդհանուր անկեղծ սիրո, զանգվածային մասնակցության և, այո, բարվոք տնտեսական իրավիճակի պայմաններում: Տաղանդավոր ֆուտբոլիստները և մարզիչները, ֆուտբոլի ֆեդերացիայի հոգատար նախագահը կամ գործկոմը՝ այդ ամենն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են վերելքի համար: Իմ տպավորությամբ, այսօր Հայաստանում ֆուտբոլն այնքան չեն սիրում, որքան սիրում էին 1960-70-ական թվականներին: Մարդկանց ուշադրության կենտրոնում ոչ թե բուն խաղն է, այլ խաղադրույքները, ոչ թե մրցամարտի գեղեցկությունն է, այլ զուտ բիզնեսը: Առանց բիզնեսի, առանց ֆուտբոլիստների առքուվաճառքի, առանց եկամուտների ակնկալիքի այսօր, իհարկե, հնարավոր չէ պատկերացնել մարդկային գործունեության որևէ ոլորտ: Բայց բիզնեսը չի կարող ինքնանպատակ լինել, դա, ի վերջո, մարդկանց ծառայություն մատուցելու միջոց է, որտեղ «մատակարարը» և «հաճախորդը» պետք է փոխադարձ ջերմ զգացմունքներ ունենան: Հայաստանում, գումարած այս քիչ թե շատ «համընդհանուր» թերությունների, ամեն ինչ ծայրաստիճան քաղաքականացված է՝ «այսինչը Ռուբեն Հայրապետյանին կողմ է, այնինչը դեմ է», «այս մեկն իշխանության մարդն է, այն մեկը՝ ոչ»: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրված նախագահին ընդդիմադիր հայացքներ ունեցողները անվանել են «սորոսական» ու անգամ «ադրբեջանամետ»: Ինձ թվում է քաղաքական պայքարը ֆուտբոլի հետ նույնչափ առնչություն ունի, որքան խաղադրույք դնելու «ղումարբազությունը»: Այդ մթնոլորտում միլիարդներ էլ ունենանք, հաջողությունների չենք հասնի: ․․․ «Արարատի» 11-րդ համար, ձախ եզրային «արագընթաց» հարձակվող Նիկոլայ Ղազարյանին երբեմն տեսնում եմ Կիևյան փողոցով անվրդով ժպիտով անցնելիս: Երիտասարդները նրան չեն ճանաչում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր