211652_close_icon
views-count2024 դիտում article-date 11:06 02-04-2019

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ ապրիլի 2-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ: Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորահրամանատար, պետական գործիչ Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ծաղկեպասակ է դրվել նաև Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին: Նշենք, որ նախօրեին ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին մոմավառություն է կազմակերպվել: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 2-ի ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների եւ հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին: Նույն օրը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետեւանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: Արդեն կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լեւոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, եւ ադրբեջանական կողմը կորուստներ է տվելԼ Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը: Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարեւոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ եւ հետեւակի մարտական մեկ մեքենա: Ապրիլի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով: Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա եւ մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Թեեւ հաստատված հրադադարին, ապրիլի լույս 6-ին ժամը 18։30-ին, շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը, իսկ ապրիլի 7-ի գիշերը Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել: Ապրիլի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին: Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, այդ երկրի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, իսկ «OSTKRAFT» վերլուծական կենտրոնը հրապարակեց տվյալ ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, որ զոհերը կազմել են շուրջ 800 մարդ: Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն: Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք:

Նմանատիպ նյութեր