211652_close_icon
views-count2723 դիտում article-date 18:41 06-04-2019

Հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է. Արմեն Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ

Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։ Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ընդգծելով թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։ Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հայաստանի նախագահը հրավիրել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին այցելել Հայաստան։

Նմանատիպ նյութեր