12174 դիտում
16:00 07-04-2019
Նատալիա Օրեյրոյին էլ հայ դարձրեցինք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ պրիլի 6-ին, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստան ժամանած հանրահայտ ուրուգվայցի եչգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոյի մամլո-ասուլիսը։
«Ինչպե՞ս եք», -իր լուսավոր ժպիտով, հայերեն հստակ արտասանությամբ ողջունեց լրագրողներին Օրեյրոն։
Նրբանկատ և անմիջական այս արտիստն, իրոք, յուրօրինակ է. վստահորեն կարելի է ասել, որ «աստղային հիվանդությունն» իրեն անմասն է թողել։ Այն տասնյակ ռուս երկրպագուները, որ երեկ Հայաստան են ժամանել հենց իր համար, ասես իրեն չեն սպասում դռներից այն կողմ; այն գլխապտույտ հաջողությունները, որ Օրեյրոն ունեցել է և ունի այսօր…, ասես, այս ամենն իր կողքով է «անցել»։
Նատալիան մնացել է այն նույն հասարակ և շփվող 18տարեկան Միլին, ում մենք սիրեցինք «Վայրի հրեշտակը» սերիալից հետո։
«Ես հիշում եմ Ձեզ, Դուք ինձ հարցեր էիք ուղղում օդանավակայանում,- անսպասելիորեն ասաց նա ինձ։
- Կներեք, որ անչափ հոգնած էի և չկարողացա ավելի շատ շփվել Ձեզ հետ։ Եկել եմ հյուրանոց և մի ողջ օր քնել եմ. շատ հոգնած էի»։ Երգչուհին ասաց, որ հոգնածության պատճառով, ցավոք, երեկ իրեն չի հաջողվել ընտանիքի հետ զբոսնել Երևանով. «Ամուսինս՝ Ռիկարդոն, և որդիս՝ Ատաուալպան, հասցրել են տեսնել մի քանի պատմական եկեղեցիներ։ Նրանք շատ տպավորված էին և ինձ հիացմունքով պատմեցին իրենց տեսածը։ Նրանք մի շատ մեծ հաց էին բերել՝ լավաշ. ամբողջ գիշեր ուտում էինք»։
- [b]Նատալիա, հայտնի մարդիկ հաճախ դեպրեսիոն շրջան են ունենում իրենց կյանքում։ Դուք այն եզակի արտիստներից եք, ով, միշտ ուրախ է, բարձր տրամադրությամբ, կարծես, երբեք չի տխրում։ Արդյո՞ք իրականում դա այդպես է։ Ինչպե՞ս եք կարողանում
միշտ լինել ուրախ՝ հաջող կերպով համատեղելով ընտանիքն ու կարիերան։[/b]
- Շատ լավ հարց է. բոլորս էլ մեր կյանքում ունենում ենք հոգնածության պահեր, անհաջողություններ և հիասթափություններ։ Կարծում եմ, այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ տագնապային հոգեվիճակն ամենուր է։ Կյանքի ռիթմն անչափ արագ է։ Այս խնդիրը լուծել անհրաժեշտ է դեռ մանուկ հասակից՝ երեխաներին մեջ սերմանելով, որ ոչինչ միանգամից չի լինում, ամեն ինչն իր ժամանակն ունի։ Ես միշտ շատ քրտնաջան եմ աշխատում և փորձում եմ հետևողական լինել իմ բոլոր ցանկությունների հանդեպ։ Պետք է կարողանալ գտնել հավասարակշռություն հանգստի և քրտնջան աշխատանքի միջև, ինչը փորձում եմ անել։ Ինձ համար փրկություն է բնության գրկում գտնվելը, երբ կարողանում եմ ներդաշնակ լինել ինքս ինձ հետ՝ գտնելով այն խաղաղությունը, որն ինձ օգնում է վերականգնել ուժերս՝ հետագայում ավելի ակտիվ աշխատելու համար։
Օրեյրոն հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան։ «Վերջերս Արգենտինայում կայացած հերթական հանդիպման ժամանակ քննարկման է դրվել Հայաստանի համար ֆինանսավորում գտնելու հարցը, - պատմեց Օրեյրոն։ - Մեր նպատակն է սոցիալական կարևորության խնդիրները տարածել ոչ միայն մեր երկրում և տարածաշրջանում, այլ նաև, ծանոթանալով այլ երկրներում տիրող իրավիճակին, ներկայացնել նաև մերը»։
«Անմոռանալի շրջագայություն» շոու-ծրագրի շրջանակներում Նատալիան արդեն 11 համերգ է ունեցել Ռուսաստանի մի շարք քաղաքներում, ինչպես նաև՝Բելառուսում և Մոլդովայում։ Լրագրողների այն հարցին, թե համերգների ժամանակ, արդյո՞ք, եղել են հետաքրքիր իրադարձություններ, Նատալիան պատմեց, որ Սվետլոգորսկում մարտի 31-ին՝ Ֆակունդո Առանայի (Վայրի Հրեշտակի Իվոն) ծննդյան օրը, հենց համերգի ժամանակ բեմից նա Ֆեյսթայմով զանգահարել է Ֆակունդոյին և իր հանդիսատեսի
հետ միասին շնորհավորել նրա ծնունդը: «Ես շատ կուզեի, որ մի օր Ֆակունդոն ինձ ուղեկցեր իմ շրջագայություններից որևիցե մեկի ընթացքում։ Միշտ ստիպված եմ լինում լրացուցիչ ճամպրուկ գնել՝ իրեն հասցեագրված նվերները Արգենտինա տեղափոխելու համար։ Այնպես որ, թող հետս ճամփորդի, որ իր նվերների ճամպրուկի գումարը ինքը վճարի», - կատակեց Օրեյրոն։
Ֆակունդո Առանայի հետ համագործակցության արդյունքում էր, որ 90-ականները հիշարժան և ճակատագրական դարձան Օրեյրոյի կարիարայի համար։ Այն հարցին, թե առաջիկայում սպասվու՞մ են նոր համագործակցություններ Ֆակունդո Առանայի հետ, Նատալիան անկեղծացավ. «Հաճախ հեղինակները փորձում են կրկնել ֆիլմի հաջողությունը, բայց միշտ չէ, որ ստացվում է»։
Այնուամենայնիվ, Ֆակունդո - Նատալիա զույգն այնքան վառ ու տպավորիչ էր, որ իրենց համատեղ երկրորդ՝ «Դու իմ կյանքն ես» (Sos Mi Vida) նախագիծն, անկասկած, կարելի է համարել ստացված։ «Կյանքի այս փուլում ես կգերադասեմ չմարմնավորել երիտասարդ կերպարներ։ Եթե մի փոքր երկար սպասենք, ապա մեր «զույգը» կվերամիավորվի արդեն տատիկ-պապիկի կերպարով», - ծիծաղում է
Նատալիան։
Օրեյրոն շատ զգացված էր հայ լրագրողների ջերմ ընդունելությունից։ Մամլո-ասուլիսի շրջանակներում նա նույնիսկ ստացավ հայկական «անձնագիր»՝ դառնալով «բազմաքաղաքացի». ինչու՞ միայն ռուսականն ունենա։
Հաջողակ երգչուհի և դերասանուհի լինելուց բացի՝ Նատալիան 2008թ.-ից իր քույր Ադրիանա Օրեյրոյի հետ համատեղ ստեղծել է «Լաս Օրեյրո» հագուստի բրենդը։ Խանութն, ի դեպ, գտնվում է «Արմենիա» փողոցի վրա։ Մենք որոշեցինք մեր հայկականը փորձել դարձնել ոգեշնչման աղբյուր Նատալիայի համար. միգուցե մի օր նա որոշի ներառել հայկական էլեմենտներ՝ «Լաս Օրեյրոյի» հերթական հավաքածուի շրջանակներում՝ այդպիսով տարածելով հայկական մշակույթը աշխարհով մեկ։
- [b]Նատալիա, Ցեղասպանությունից հետո մենք՝ հայերս սփռվել ենք ողջ աշխարհով մեկ։ Մենք ունենք աշխարհահռչակ հայեր՝ Շառլ Ազնավուր, Սերժ Թանկյան և այլն։ Եթե շատ լավ փնտրենք, գուցե, Ձեր մեջ էլ հայի արյուն գտնենք։[/b]
- Այո, այո, իմ քեռիներից մեկի կինը հայ է։ (ԾԻԾԱՂՈՒՄ Է)
Իմ առաջարկին մասնակցել մեր նախաձեռնած «Ես հայ եմ» մարտահրավերին, Նատալիան մեծ սիրով համաձայնեց։ Նրան նվիրեցինք Սովետական ձեռագործ արտադրության արծաթեպատ քյամար (գոտի), հայկական նախշերով գլխարկ և պայուսակ, ինչպես նաև՝ «Ալեքսիս Աքսեսուարներ» ընկերության կողմից սիրով տրամադրված նռան դիզայնով և հայկական դրոշի գույներով ապակուց
ձեռագործ կրծքազարդեր։ Մարտահրավերը ստացվեց. երգչուհին միանգամից մտավ հայի կերպարի մեջ և սկսեց ակտիվ լուսանկարվել։
Եվ ահա նա «հայ» է, ու պետք է համտեսի հայկական բարիքները։ Մամլո-ասուլիսը հիշարժան դարձրեցինք ոչ միայն հանրահայտ արտիստի հայկական կերպարանափոխությամբ, այլ նաև մեր խմբագրության անունից կազմակերպեցինք մեծ քաղցր հյուրասիրություն։ Օրեյրոն տեղում համտեսեց հայկական սուջուխը, իսկ մնացած հյուրասիրությունը խնդրեց իր սենյակ տեղափոխել։
Համոզված ենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրջյանի անվ. մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը հաջողված կլինի, և Նատալիան կրկին կգա Հայաստան. չէ՞ որ նա ուղղակիորեն նպաստում է Հայաստանի տուրիզմի զարգացմանը. «Անմոռանալի շրջագայության» շնորհիվ՝ հատուկ Նատալիայի կողքին լինելու համար, Ռուսաստանից և եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանել տասնյակ երկրպագուներ՝ իր ֆան-ակումբի անդամները, ինչպես նաև ՝ 40-ից ավել շոուի մասնակիցներ և անձնակազմ։
Կազմակերպիչները վստահեցնում են, որ հայ հանդիսատեսին սպասվում է իրապես ԱՆՄՈՌԱՆԱԼԻ, 2 ժամ տևողությամբ և կենդանի հնչողությամբ շոու-ծրագիր։
[b]ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
Նմանատիպ նյութեր
10982 դիտում
12:23 29-01-2019
Թե ինչպես հայ երկրպագուն Նատալիա Օրեյրոյին հայերեն սովորեցրեց և պատմեց Հայաստանի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
15205 դիտում
18:52 29-01-2019
Հայ երկրպագուն հանրահայտ երգչուհի Նատալիա Օրեյրոյին հայերեն է սովորեցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8950 դիտում
19:08 02-04-2019
Նատալիա Օրեյրոն նպաստել է ռուս երիտասարդների ամուսնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2905 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր