211652_close_icon
views-count1634 դիտում article-date 10:39 08-04-2019

Նոր աշխարհում անհատների ձայները լսելի և որոշիչ են լինելու. Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis-ի ամենամյա գլոբալ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր տարբեր կերպ է մոտենում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: «Հայաստանի դեպքում բանաձևը շատ պարզ է։ Փոքրը գեղեցիկ է։ Եվ փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում»։ Հանրապետության նախագահն անդրադարձել է չորրորդ ինդուստրիալ հեղափոխությանը` նշելով, որ գործ ունենք մշտական հեղափոխության ու էվոլյուցիոն զարգացման երկարատև գործընթացի հետ: «Գիտական նորույթների և տեխնոլոգիական նվաճումների հսկայական քանակը, համատեղած մարդկանց այն մեծ թվի հետ, որոնք ներգրավված են ստարտափների ու նորարարական այլ գործընթացների մեջ, խոսում են այն մասին, որ այս գործընթացները լինելու են շատ դինամիկ և դրամատիկ։ Մենք առաջիկայում ականատեսն ենք լինելու, թե ինչպես են աճելու քվանտային մոդելավորման, նոր տեխնոլոգիաների ու մեծ տեղեկատվության կառավարման ծավալները, և իհարկե, այս ամենի գագաթնակետում լինելու է արհեստական բանականությունը, որը, կարծում եմ, կիրառություն է գտնելու ամեն տեղ»,- նշել է Սարգսյանը։ Նախագահը համոզված է` չպետք է վախենալ արհեստական բանականությունից։ «Սա նույն պատմությունն է, ինչ 30-40 տարի առաջ, երբ մարդիկ վախենում էին տեղեկատվական տեխնոլոգիաներից, մտածում էին, թե համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն աշխատանքը։ Բայց ոչ, արհեստական բանականության շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այն, ինչը փոխվելու է, լինելու է մարդկանց գործունեության որակը և տեսակը։ Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ»,- ընդգծել է նա։ Արմեն Սարգսյանը նշել է, որ այս հեղափոխությունը տեղի է ունենում ոչ միայն տնտեսության ու տեխնոլոգիաների մեջ, այլև մեր մարդկային վարքագծում. «Սա բացարձակ նոր աշխարհ է, որը ես անվանում եմ քվանտային աշխարհ»։ Քննարկման կարևոր թեմաներից մեկը կլիմայական փոփոխություններն ու մարդու գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասներն էին: «Մենք պետք է խոսենք ոչ թե կլիմայական փոփոխությունների, այլ այն վնասի մասին, որը հասցնում ենք բնությանը։ Իրականությունն այն է, որ աշխարհը շատ քայլեր է ձեռնարկում այս իրավիճակի դեմ պայքարելու համար։ Առաջ գնալու ճանապարհը կանաչ տեխնոլոգիաներն են, վերականգնվող էներգետիկան՝ հիդրոէներգիան, քամին, արևային էներգիան։ Սակայն անգամ լավագույն սցենարի դեպքում մեզնից պահանջվելու են տասնամյակներ, որպեսզի մեր անցյալից, որը բացարձակ սև էր, քանի որ այրում էինք ածուխը, անցում կատարենք կանաչ ապագայի»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ այս խնդրի կարգավորման համար անհրաժեշտ են ճիշտ տեխնոլոգիաներ, քաղաքական կամք ու ներդրումներ, միաժամանակ նաև հավաքական պատասխանատվություն: «Պետք է լրջորեն նայենք այն իրականությանը, որն ունենք, պետք է հսկայական, բազմազգ ջանքեր գործադրենք ողջ աշխարհով մեկ` ունենալու կանաչ ապագա»,- նշել է նա: Խոսքի ավարտին` նախագահ Սարգսյանն անդրադարձել է տեխնոլոգիական նվաճումների` մեր կյանքում ունեցած դերին ու նշանակությանը: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք դրամատիկորեն փոխելու են մեր սոցիալական ու քաղաքական վարքագիծը: «Մեծ թվով մարդիկ քաղաքականության մեջ ազդեցություն են ունենալու՝ պարզապես օգտագործելով իրենց էլեկտրոնային սարքավորումները, գրառումներ անելով «Թվիթեր»-ում, «Ֆեյսբուք»-ում։ Սա է քաղաքականությամբ զբաղվելու նոր ճանապարհը։ Մենք առերեսվում ենք բացարձակ նոր մի աշխարհի հետ, որտեղ անհատների ձայները շատ բարձր են լսվելու, և նրանք լուրջ ազդեցություն են ունենալու որոշումների կայացման վրա»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր