211652_close_icon
views-count1785 դիտում article-date 11:34 07-04-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայում կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ապրիլի 7-9-ը մեկնել է Պորտուգալիայի Հանրապետություն: Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: «Horasis»-ն անկախ միջազգային թինք-թանք է, որը համագործակցության ու գիտելիքներ փոխանակելու համար հարթակ է տրամադրում մասնավորապես զարգացած երկրներին ու զարգացող շուկաներին: Վերլուծական կենտրոնն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների հետ: Կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա հանդիպումների ընթացքում առաջարկվում են ռազմավարական լուծումներ այն խնդիրների ու մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և խոշոր ընկերությունները: Հանրապետության նախագահը որպես բանախոս ելույթ կունենա «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի և վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ: Այն ստեղծվել է 1956 թվականին՝ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկայնի կտակի համաձայն: Հիմնադրամն իրականացնում է տարատեսակ ծրագրեր՝ ուղղված գիտության, կրթության ու արվեստի զարգացմանը, ամեն տարի կրթաթոշակներ և դրամաշնորհներ տրամադրում տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների ու անհատների՝ այս ոլորտներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր