3515 դիտում
10:23 10-04-2019
Հասարակությունը տեսնում է պետության ուժեղ, «ձեռքը սեղանին խփող» ղեկավարի․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն՝ ծանոթանալու մաքսատան աշխատանքներին և ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին։ Բայց վարչապետի մաքսատուն կատարած այցելությունը վերածվեց բազմաթիվ տեսարաններով հագեցած շրջայցի։ Բոլոր տեսարանների գլխավոր հերոսը Նիկոլ Փաշինյանն էր։ Նախ նա դժգոհել է տարածքի մաքրությունից՝ անգամ իր ձեռքերով մաքրելով մաքսատան պատերից մեկը։
«Մանավանդ իմ այցի օրն ինչո՞ւ է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով. «Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մտել է մաքսատան աշխատասենյակներից մեկը, որի մուտքի մոտ կանգնած հսկիչին դիմելով՝ ասել է. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց տալով ուսերը կախած վիճակը) արած չեն կանգնում»: Տեսարանը, սակայն, դրանով չի ավարտվել. տեսնելով սենյակի անկյունում դրված դրոշը՝ Նիկոլ Փաշինյանը զայրացել է. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանոց լինի՞»:
Սրանք փոքր կտորներ էին վարչապետի աշխատանքային մի այցելությունից։ Բոլոր այս կտորները, սակայն, վստահաբար առաջիկա օրերին դառնալու են մամուլի, սոցիալական ցանցերի, քաղաքացիների խոսակցությունների բուռն քննարկման թեմաներ, վարչապետի հայտարարություններից ծնվելու են թևավոր խոսքեր, գունեղ արտահայտություններ։ Արդյունքում վարչապետի այցը ամենայն հավանականությամբ համարվելու է հաջողված, որովհետև ակնհայտորեն իշխանության համար այս կամ այն քայլի արդյունավետության չափման միավորը առաջին հերթին հանրային կարծիքն ու արձագանքն է։ Իշխանությունը հետևում է Ֆեյսբուքին, իշխանությունն ապրում է Ֆեյսբուքում, իշխանությունն աշխատում է Ֆեյսբուքում ու Ֆեյսբուքի համար։
Դժվար է ասել՝ որքանով են Նիկոլ Փաշինյանի նման քայլերը հաշվարկված և որքանով՝ հանպատրաստից։ Սակայն անկախ դրանից՝ կարելի է այդ քայլերի մասին դատել արդյունքներով։ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է նման հայտարարություններով, նկատողություններով, կշտամբանքներով ապահովել տեսարաններ, վստահաբար հասարակության զգալի հատվածին դուր են գալու այդ տեսարանները, դրանցում նրանք տեսնելու են պետության ուժեղ, «ձեռքը սեղանին խփող» ղեկավարի։
Նիկոլ Փաշինյանին այսպիսով հաջողվում է պարբերաբար դառնալ նյուզմեյքեր ու հանրային կարծիքն ուղղորդել այնպես, որ այն շահեկան լինի իր ու իր ղեկավարած իշխանության համար։ Այլ հարց է, որ, որպես կանոն, այդպիսի լրատվական աղմուկի ներքո մեծ հաշվով ոչինչ չի լինում։ Այլ կլիներ իրավիճակը, եթե պետական կառավարման համակարգն աշխատեր բարձր արդյունավետությամբ, և դա ուղեկցվեր տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի տեղեկատվական, քարոզչական արտահայտչամիջոցներով։ Բայց մենք տեսնում ենք պետական կառավարման համակարգի աշխատանքի սարսափելի ցածր արդյունավետություն և իշխանության կողմից մատուցվող տեղեկատվական բազում առիթներ։
Այդպիսով՝ կյանքը, իրական կյանքը, աշխատանք պահանջող կյանքը իրականությունից տեղափոխվում է վիրտուալ տարածք, և չափման միավորներ են դառնում ոչ թե աշխատանքի արդյունքները, այլ լայքերն ու սմայլիկները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2405 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
1969 դիտում
09:51 24-04-2019
Ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես․ ֆորմալ հարաբերություններ «անշառ հարկատուների» հետ. «Ժամանակ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»