2748 դիտում
15:46 10-04-2019
Հումանիտար փոխգործակցության զարգացումը կայուն խաղաղության լավ հիմք կարող է հանդիսանալ. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել առաջարկներով
Տարածաշրջանում հանուն կայուն և տևական խաղաղության հաստատման նպատակով Արցախի առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հումանիտար փոխգործակցության առաջարկներով:
Նա ներկայացրել է հումանիտար փոխգործակցության երկու առաջարկ, որը կարող է քննարկվել, օրինակ, առաջիկայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն հայտնել ենք «Ազատ հայրենիք» կուսակցության դիրքորոշումը, որով հատկապես ողջունել ենք հակամարտ զորքերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման և հումանիտար համագործակցության կարևորումը: Սրանից զատ, անշուշտ, շարունակում ենք հավատացած մնալ ու պնդել, որ բանակցությունները կարող են հաջող ընթացք ձեռք բերել, եթե դրանցում ներգրավված լինի պաշտոնական Ստեփանակերտը։ Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, որը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմամբ, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմամբ՝ ցանկանում եմ հրապարակավ հանդես գալ հումանիտար փոխգործակցության երկու առաջարկով, որը կարող է քննարկվել օրինակ առաջիկայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը»,-նշել է Արայիկ Հարությունյանը։
Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը:
Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը։
«Ժամանակին Արցախի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի իշխանություններին այս առթիվ արված առաջարկները մերժվել են: Արդյունքում Սարսանգի ջրերի օգտագործման համար մենք այլընտրանքային ծրագիր ենք մշակել, բայց ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը փոխշահավետ և մարդասիրական համագործակցության համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
5380 դիտում
12:56 27-11-2017
ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված առաջարկներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
706 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
733 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
883 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին