211652_close_icon
views-count5616 դիտում article-date 20:52 06-08-2018

«Սանիթեք» ընկերության կողմից թույլ չեն տրվել պայմանագրային այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պայմանագրի լուծման համար. ընկերության պարզաբանումը

Սույն թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանի և Անի Սամսոնյանի կողմից «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղին փոխանցվել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության բլանկով 01.08.2018թ-ի ամսաթվով անստորագիր գրություն, որի վերաբերյալ «Սանիթեք» ՍՊԸ–ն հայտնում է հետևյալը. «Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումը մշտապես կատարվել և կատարվում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իսկ առկա թերությունները հստակորեն արձանագրվում են և մշտապես միջոցներ են ձեռնարկվում աղբահանության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և արձանագրված խնդիրները բացառելու համար: Ներկայումս մեր ընկերության կողմից մշակվել են Երևան քաղաքի աղբահանության խնդիրների կարգավորման կարճաժամկետ և երկարաժամկետ պլաններ, որոնց համաձայն իրականացվում և իրականացվելու են հետևյալ քայլերը. Կարճաժամկետ. Աղբավայրերի հետ կապված խնդիրների, ընկերության տրանսպորտային միջոցների և աղբամանների վնասման հետևանքով խիստ անհրաժեշտություն է առաջացել նոր տրանսպորտային միջոցների և աղբամանների ներգրավման համար, որի հետ կապված ներկայումս հետևյալ միջոցներն են ձեռնարկվում. · վարձակալության հիմունքներով ժամանակավոր տրանսպորտային միջոցների ներգրավվում, · հնարավորինս կարճ ժամկետներում աղբամանների նոր խմբաքանակի ավելացում, · ղեկավարության և անձնակազմի արտաժամյա աշխատանք՝ ապահովելով խնդիրների մոնիտորինգը և ըստ առաջնահերթության լուծումը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես ապահովել ամբողջ քաղաքում աղբի իսպառ բացակայությունը, ինչը նախատեսված է նաև պայմանագրով: Երկարաժամկետ. Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը ահռելի վնասներ է կրում և խիստ անհրաժեշտություն կա վերանայել պայմանագրի պայմանները, Ընկերության բաժնետերերը նախատեսում են ստեղծված իրավիճակը արմատապես փոխելու համար կատարել լրացուցիչ ներդրումներ հետևյալ ուղղություններով. · Նոր աղբամանների ձեռքբերում, · Նոր աղբատար մեքենաների ձեռքբերում, · Առկա տրանսպորտային պարկի ամբողջական վերանորոգում: Նշված միջոցները, ինչպես նաև ստորև նշված խնդիրների հարթումը կերաշխավորի Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական վիճակի այն բարձր մակարդակը, որը ցանկանում ենք տեսնել բոլորս: Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս առկա թերությունները և խնդիրները ունեն թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես. · Աղբավայրերը գտնվում են ոչ պատշաճ վիճակում և չեն ապահովվում աղբահանության իրականացման համար բավարար պայմաններ, · Աղբավայրերի ճանապարհների վիճակը չի համապատասխանում որևէ ստանդարտների և մշտապես վնաս է հասցնում ընկերության տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված չեն նման ճանապարհներով անցնելու համար: · Աղբամաններ է նետվում դրանց համար չնախատեսված տեսակի աղբ, ներառյալ՝ շինարարական, ինչը ևս վնասում է ընկերության տրանսպորտային միջոցները: · Մշտապես վնասվում են ընկերությանը պատկանող աղբամանները, ինչը լուրջ վնաս է հասցնում ընկերության թե գործառնական, թե ֆինանսական վիճակին: Ընկերությունը կրել է շուրջ 700.000 ԱՄՆ դոլարի վնասներ այրված աղբարկղերի պատճառով: · Քաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ աղբը նետվում է աղբամաններից դուրս և դրա համար չնախատեսված վայրում: Կից ներկայացվում են նկարներ ներկայացված խնդրի վերաբերյալ: · Ընկերության աղբարկղերի դիմաց ավտոմեքենաների կայանումը խոչընդոտում է ընկերության գործունեությանը: Այս խնդիրը պետք է քննարկվի համապատասխան պետական մարմինների հետ խնդրին մշտական լուծում տալու համար: · Բակերում առկա արգելափակոցների պատճառով Ընկերության աղբատար մեքենաները ծախսում են երկար ժամանակ, նշված արգելափակոցները խոչընդոտում են պատշաճ աղբահանությանը: · Ընկերությունը երկար ժամանակ է ծախսում նաև սուպերմարկետների, խանութների և այլ ձեռնարկությունների կողմից գեներացված աղբի հեռացման համար: · Քաղաքում առկա աղբամուղերի փակման և աղբամաններով փոխարինման հարցը ևս շատ կարևոր է: · Քաղաքապետարանի կողմից տեղադրված փոքր աղբամանները պարբերաբար խանգարում են ընկերության գործունեությանը: Ամբողջ աշխարհում քաղաքապետարանի աղբարկղերը նախատեսված են ծխախոտի, շշերի, թղթի համար: Կից ներկայացվում են նկարներ վերոգրյալի վերաբերյալ: · Պայմանագրով սահմանված են աղբահանության իրականացման ժամային և այլ սահմանափակումներ, որոնք օրեցoր ավելացող աղբի պայմաններում հնարավորություն չեն տալիս օպերատիվ իրականացնել աղբահանություն: Վերը նշված և մի շարք այլ խնդիրներով մեր ընկերությունը բազմաթիվ անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով աջակցել վերը նշված խնդիրների հարթմանը, այդ թվում՝ աղբամանների կիրառման նկատմամբ խիստ վերահսկողության, աղբավայրի հարցի լուծման և պայմանագրի վերանայման միջոցով: Մինչ այսօր մեր ընկերությունն արդյունավետ աշխատել է Երևանի քաղաքապետարանի հետ առկա խնդիրների լուծման շուրջ: Չնայած վերը նշված խոչընդոտներին՝ «Սանիթեք» ընկերությունը՝ ի դեմս իր բաժնետերերի և ամբողջ անձնակազմի փորձում է անել հնարավոր ամեն բան լավագույնս մատուցելու իր ծառայությունները Երևան քաղաքի բնակիչներին և ապահովելու քաղաքի մաքրությունն ու բարեկեցությունը: Միևնույն ժամանակ վստահ ենք, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերության կողմից թույլ չեն տրվել պայմանագրային այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պայմանագրի լուծման համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր