211652_close_icon
views-count2121 դիտում article-date 11:25 13-04-2019

Իշխանությունների նախաձեռնությունները պետք է քննադատական աչքով քննարկվեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ներկայիս իշխանության ընդդիմախոսները կարծես հատուկ ընտրում են այնպիսի թեմաներ, որտեղ քննադատելու նյութ առանձնապես չկա: Իրականում գոյություն ունեն բազմաթիվ թեմաներ, որտեղ այդ նյութը, կարելի է ասել, անսպառ է՝ սկսած վարչապետի հաճախ նկատելի անհավասարակշիռ, անզուսպ, բռնկուն կեցվածքից: Կառավարության և Ազգային ժողովի գործողություններում կան ոչ կոմպետենտության դրսևորումներ, կան չմտածված, հապճեպ որոշումներ, կա նաև հակառակը՝ անհասկանալի դանդաղկոտություն: Իշխանությունների նախաձեռնությունները պետք է խիստ քննադատական աչքով քննարկվեն, շտկվեն, «հասունացվեն» և այլն: Եվ շատ ցանկալի է, որ դա արվի հանգիստ, կառուցողական մթնոլորտում՝ առանց Փաշինյանի «ֆանատների» զայրացած կամ հակառակը՝ հրճվալից բացականչությունների: Բայց բաներ կան, որտեղ քննադատությունն, իմ կարծիքով, անհիմն է: Դա, նախևառաջ, Արցախի հարցն է: Ընդ որում, այդ հարցում ընդդիմադիրները երկու իրար հակասող թեզ են առաջ քաշում՝ ավանդական «ծախում է», «պարտվողական է», «կապիտուլյացիայի կողմնակից է» մեղադրանքները և, մյուս կողմից, փոքր-ինչ ավելի թարմ՝ «ոչինչ չի անում» կշտամբանքը: Ինձ թվում է, իշխանությունն այս հարցում ճիշտ է վարվում՝ խաղաղության օրակարգն առաջ տանելով և ակնկալելով երեք կողմերի՝ հայաստանյան, արցախյան և ադբեջանական հասարակությունների աջակցությունը: Մյուս կողմից էլ՝ առանձնապես հույս չի դնում Ալիևի «խաղաղասիրության» վրա՝ հոգեբանորեն պատրաստ լինելով Ադրբեջանի հերթական ագրեսիային: Մյուս հարցը շատ ավելի երկրորդական է, բայց, չգիտես ինչու, բարձրացել է համազգային խնդրի մակարդակի՝ սեռական փոքրամասնությունները: Կարծես թե բոլորը համաձայն են, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանվի: Բայց դա տեսականորեն ընդունելով՝ մեր հասարակության, ինչպես ասաջ էին ասում, «կղերա-ֆեոդալական» մասն ինչ-որ վերապահում ունի, իսկ այդ «վերապահումից», «բայց»-ից 3-4 նախադասություն հետո հնչում են «վառելու» կոչերը: Այս հարցում նույնիսկ մտածող, ադեկվատ մարդկանց մեջ ինչ-որ վախ է մտել՝ կարո՞ղ է ինձ հանկարծ «նրանց» պաշտպանի շարքերը դասեն: Եվ այստեղից էլ վեճ է առաջանում՝ ով է հրավիրել ԱԺ, ով չի հրավիրել, ով է ձայնի իրավունք տվել և այլն: Հրավիրել եք, լավ եք արել, խոսել է, լավ է արել: Այս հարցում իշխանությունների քննադատությունը, կարծում եմ, ոչ մի հիմք չունի: ․․․ Ի դեպ, Փաշինյանը ճիշտ է վարվել, որ Ստրասբուրգում չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Սեփական ցավի մասին պետք չէ ամեն օր խոսել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր