1673 դիտում
10:12 16-04-2019
ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հարց տալու հերթը չհասա՞վ, թե այդպիսին էր պայմանավորվածությունը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) ապրիլի 10-11-ն աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ իշխանական մամուլը լուրեր տարածեց, թե իբր գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունը գրանցվել է նրան հարց տալու համար։
Համենայն դեպս, այդ մասին վստահեցնում էր, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար գրանցվածների ցուցակը բազմազան է։ Նա նաև ասել էր, թե Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը:
«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնել էր Հովհաննիսյանն ու շեշտել, որ ադրբեջանցի պատվիրակների հարցերը կանխատեսելի կլինեն:
Ակնհայտ էր, որ իշխանական քարոզիչներն այդպիսով փորձում էին Նիկոլ Փաշինյանից կերտել ազգային առաջնորդի կերպար, որի վրա է «սևեռված» մեր ոխերիմ թշնամին։
Իրականությունը, սակայն, այլ էր։ Ինչպես տեսանք, դահլիճում հնչեց ադրբեջանական պատվիրակության ընդամենը մեկ անդամի՝ բավականին բարեկիրթ և «անմեղ» ձևակերպված հարցադրում։ Եթե համեմատենք, թե նախորդ տարիներին Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչպիսի ագրեսիա էին դրսևորում ադրբեջանական պատվիրակները, և ինչպես էր այդ բարձր ամբիոնից ՀՀ 3-րդ նախագահը պաշտպանում Արցախի ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը, ապա աչքի է զարնում հսկայական մեծ տարբերությունը։
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ընդամենը մեկ ադրբեջանցի պատվիրակի կողմից հարց հնչեցնելը պայմանավորել էր՝ հերթը չհասնելով։
«Ինչ վերաբերում է ադրբեջանցիների ակտիվության հարցին, ապա, այո´, կային գրանցվածներ, որոնց ուղղակի հերթ չհասավ: 3-4 հոգի գրանցվել էր»,- հայտարարել էր վերջինս shantnews-ի հետ զրույցում։
ԵԽԽՎ-ի իր աղբյուրներից, սակայն, 168.am-ին հաջողվեց ճշտել, որ հայկական պատվիրակները կուլուարային պայմանավորվածություններ են ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ՝ վերջիններիս համոզելով, որ Նիկոլ Փաշինյանն Արցախյան հարցով մեղմ ու հանդարտ հռետորաբանություն է կիրառելու, և հետևաբար՝ կարիք չկա դահլիճում սրել իրավիճակը։
Փաստորեն, միակ բանը, որ կարծես թե ստացվել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության մոտ, վարչապետ Փաշինյանին ուղղված ադրբեջանական կողմի հարցերը հանելն է, քանզի վերջինս խաղաղասեր օրակարգով է հանդես գալու, առանց խոսելու Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի գերակայության մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3673 դիտում
10:50 13-09-2018
Ինչ հետևանքներ կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ-ում տիրող իրավիճակի քննարկումը. «168 ժամ»
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»